Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) անդամ Ահմադ Ռամադանը քույվեյթյան մամուլին տված հարցազրույցում նշել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է մոտ ապագայում ճանաչել իրենց կազմակերպությունը:
«Սաուդյան արտգործնախարար արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալը Կահիրում տեղի ունեցած հանդիպմանը խոստացել է ՍԱԽ պատվիրակությանը, որ թագավորությունը կճանաչի խորհուրդը՝ որպես սիրիացի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ»,- ասել է Ռամանդանը, որի խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը:
Ընդ որում, նա չի նշել, թե կոնկրետ ե՞րբ է Էռ-Ռիյադը պատրաստվում դիմել այդպիսի քայլի, և արդյոք նրան կհետևե՞ն Պարսից ծոցի նրա դաշնակիցները: Սակայն Ռամադանի խոսքերով՝ Ծոցի համագործակցության խորհրդի երկրները համոզված են, որ Սիրիայում գնալով վատթարացող դրության պատասխանատվությունն ընկած է իշխանությունների ուսներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան և մյուս նավթային հարուստ երկրները հետ են կանչել Սիրիայում դիտորդական առաքելություն իրականացնող իրենց ներկայացուցիչներին: Կատարն իր հերթին հայտարարել է, որ առաքելությանը չի հաջողվել դադարեցնել բռնությունը, ուստի անհրաժեշտ են առավել իրական միջոցներ կիրառել, մանսավորապես՝ Կատարը խոսում է Սիրիա զորք մտցնելու մասին: Բացի այդ, ըստ բրիտանական The Times պարբերականի՝ Սաուդյան Արաբիան և Կատարը համաձայնության են եկել Բաշար Ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին զենք մատակարարելու շուրջ:









































