Այս տարիների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես որոշ շրջանակներ անառողջ քննադատությամբ փորձում են վարկաբեկել հայկական բանակը, ինչը խիստ անթույլատրելի է:Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Միաժամանակ դեմ եմ բանակում հանցագործությունների կոծկումներին: Պետք է կարողանանք թացը չորից զանազանել: Կա բանակի հանդեպ քննադատության մի տեսակ, որը նպատակ է հետապնդում թուլացնել բանակը, օրինակ՝ ես կողմնակից եմ յութուբյան բացահայտումներին, որոնք ինչ-որ չափով զգաստացնում են նեխած այս իշխանություններին: Կա նաև կառուցողական քննադատություն, ինչը շատ ողջունելի է»,- ասաց նա:
Վերջինիս կարծիքով՝ մեր բանակն, ըստ էության, ստեղծվել է պատերազմի ընթացքում: «Դա ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Դրականն այն է, որ պատերազմական վիճակում մեզ հաջողվեց համեմատաբար կայացնել մեր բանակը: Իսկ վատն այն է, որ նորաստեղծ բանակի վրա չհաջողեցինք հաստատել ինքնուրույն մոդուլ, և ներդրվեց սովետական մոդուլը:
Մինչդեռ մենք կարիք չունենք կայսերական արժեքային համակարգով բանակի: Մենք սպասում էինք պատերազմի ավարտին, որ լծվենք մեր երազած բանակի կերտմանը: Ցավոք, այդպես չեղավ: Իմ կարծիքով՝ բանակը պետք է լիներ երկրի ներքին ու արտաքին հսկիչը, բայց ստեղծված համակարգում մեր այդ նպատակները չիրականացան»,- նկատեց Ժիրայր Սեֆիլյանը` միաժամանակ հավելելով, որ, այդուհանդերձ, հիմա էլ բանակը Հայաստանի ինչ-որ չափով կայացած կառույցներից է:
Նրա խոսքով՝ երբ գեներալիտետի մեծ մասն իշխանությունների ձեռքին գործիք է, խոսել բանակի բարձր մարտունակության մասին՝ ուղղակի անիմաստ է. «Երբ բանակի հրամանատարն իրեն զեխություն է թույլ տալիս՝ այն դեպքում, երբ զինվորի ընտանիքն օրվա հացի կարիք ունի, բանակի ուժի մասին խոսելը, մեղմ ասած, ինքնախաբեություն է»:
Սեֆիլյանի համոզմամբ՝ մերօրյա բանակը պահվում է, որպեսզի պահպանի օրվա իշխանությանը: «Դրա վառ ապացույցը բանակին իր գործառույթներից դուրս գործառույթների մեջ ներքաշելն է»:
Ամփոփելով` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ բանակը հասարակության հայելին է: «Կտրականապես դեմ եմ այն կարծիքին, որ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, մանավանդ, որ տարածաշրջանում ունենք Թուրքիա անունով մի հարևան: Դժբախտաբար, մենք այսօր պաշտպանված չենք»:









































