«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին 1991-93 թթ. «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանը և 1990-94 թթ. «Երկիր» և «Հայ զինվոր» թերթերի թղթակից Վարդան Դևրիկյանը: Նրանք իրենց մտահոգություններն էին կիսում էին վաղվա օրվա խորհրդի` «Հայոց բանակ՝ 20-ամյակ. հետադարձ հայացք անցած ճանապարհին» թեմայի շրջանակներում:
Աղվան Վարդանյանը նկատեց, որ այսօր ուրիշները պետք է խոսեին, որովհետև իրենք ուղղակիորեն կապ չեն ունեցել բանակաշինության հետ: Նա նկատեց, որ 1988 թ. Շարժումից հայրենասիրության էներգիա էր կուտակված ժողովրդի մեջ: Ի՞նչ խնդիր էր մամուլը լուծում այդ օրերին՝ հարցին Ա. Վարդանյանը պատասխանեց.
«Երկիր» թերթի խնդիրն էր ռազմաճակատից ամեն օր տեղեկություններ հաղորդել, իսկ այդ ծանր օրերին այսօրվա տեխնիկական հարստությունը չկար, երբ համացանցով որևէ տեղեկություն արդեն հայտնի է բոլորին: Նպատակը ոգին պահելն ու հասարակությանը հաղորդելն էր: Այն ժամանակվա մթնոլորտը հաղթական էր:
Անկախ ամեն ինչից՝ չկար թշնամություն, ատելություն չկար, և եթե ինչ-որ հարցում անհամաձայնություն կար` ինչ-որ կետից էլի հարաբերություններ էին սկսվում»:
Վարդան Դևրիկյանը նկատեց՝ միաժամանակ թե՛ հեռավոր անցյալ է բանակը, թե՛ ներկա: Ի՞նչն է անընդունելի բանակի թեմայի համար՝ հարցին նա պատասխանեց. «Այն, ինչ տխրությամբ է գրված` դրանք ընդունելի են: Հոբելյանի օրերը իմաստավորման, արժևորման օրեր են: Յուրաքանչյուր երևույթի մասին գրելիս պետք է իմացություն ունենալ, այն, ինչ հիմա դուք կտեսնեք բանակում, իմացեք, որ նախկինում նույնիսկ դա էլ չենք ունեցել… Եթե բանակը, կա կստեղծենք մյուս արժեքները»:
Այսօր մենք ունենք ազգային բանակ, և այսօր պետք է հիշենք այն մարդկանց, ովքեր բանակի ստեղծման ակունքներում են եղել, նկատեց Ա.Վարդանյանը: «Շատերը այսօրվա բարքերը փորձում են նույնացնել բանակի հետ, համաձայն չեմ այդ համոզմունքի հետ: Մամուլը պետք է խոսի բանակի թերությունների մասին, բայց մեկ պայմանով` փաստերով, առանց չարախնդության, առանց թունավորելու, առանց բանակի նկատմամբ ատելություն սերմանելու, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել»,- նկատեց Ա.Վարդանյանը:








































