Այսօր առավոտից էլեկտրաէներգայի համար վճարում չկատարելու պատճառով հոսանքազրկված է սփյուռքահայ ներդրող, «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին պատկանող «ՋիԷյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը:
Ընկերությունը չի կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար, քանի որ 16.01.2012թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից կալանք է դրվել գույքի, բանկային հաշիվների և դրամարկղի վրա` դրանով իսկ կաթվածահար անելով ընկերության բնականոն գործունեությունը:
Այս պահին ընկերության աշխատակիցները պարապուրդի են ենթարկված:
Եթե այսպես շարունակվի, ընկերությունը չկարողանա բնականոն գործունեությունը շարունակել (կալանքների և նման այլ իրավիճակների պատճառով), հարկադրված պարապուրդը կվերածվի գործազրկության, և շուրջ 35 ընտանիքները կզրկվեն իրենց հացը վաստակելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով (փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), և նրանց նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Մի քանի օր անց Նարեկ Հարթունյանն ու իր աշխատակիցներն ազատ էին արձակվել:









































