Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Այսօրվանից մեր պայքարը թևակոխում է նոր և ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը»

Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` 2010 թվականի հրապարակային ելույթներից ուշագրավ հատվածներ:

Մարտի 1-ի հանրահավաքի ելույթից

Հայ ազգային կոնգրեսի տասնյակ հազարավոր նվիրյալ անդամների և անհամար թվով համակիրների անունից հավաստիացնում եմ. որքան էլ պայքարը երկար տևի, մենք անդադրում հետամուտ ենք լինելու նշված բոլոր խնդիրների լուծմանը։ Մարտի 1-ի էջը դուք եք բացել, պարոնայք բռնազավթիչներ, բայց այդ էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու։ Ամենևին չկասկածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաև հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը։ Եթե այս ամենը անհանդուրժողականություն եք համարում, ձեր գործն է՝ համարեք։ Դուք գնդակահարեք – իսկ մենք հանդուրժենք. դուք երկիրը թալանեք – մենք չտեսնելու տանք. դուք անմեղ մարդկանց բանտերը լցնեք – մենք չբողոքենք. դուք ընտրությունները կեղծեք – մենք հաշտվենք դրա հետ։ Անտարակույս, սա է հանդուրժողականության մասին ձեր պատկերացումը և, անշուշտ, սա է ձեր երազած իդեալական պետությունը, բայց այդ երազը մի գեղեցիկ օր անխուսափելիորեն փշրվելու է։ Իսկ մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի անիրավությունը, բռնությունը, տգիտությունն ու գավառամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի։

* * *
Իսկ այժմ, բնականաբար, մի քանի խոսք Հայ ազգային կոնգրեսի գործունեության և առաջիկա անելիքների մասին։ Բուն ասելիքին անցնելուց առաջ, սակայն, ես կխնդրեի իմ ընկերներին՝ հանդարտ վերաբերվել մեր հասցեին հնչող քննադատություններին, ուշադիր լինել հիմնավորված դիտողությունների նկատմամբ, չանհանգստանալ անարդար թվացող մեղադրանքներից ու Կոնգրեսին ներկայացվող անտեղի պահանջներից, իսկ բանավիճելիս էլ՝ դուրս չգալ փաստերի և փաստարկների շրջանակից։ Չեմ կարծում նաև, թե հարկ է անպայման արձագանքել բոլոր վիճելի հրապարակումներին, դա անհրաժեշտ է անել միայն այն ժամանակ, երբ այդ հրապարակումները վտանգ են ստեղծում մոլորեցնելու ժողովրդին։ Իսկ ընդհանրապես, քննադատությունից ու մանավանդ մեզ ներկայացվող անսպառ պահանջներից ոչ թե պետք է վշտանալ, այլ, ընդհակառակը, ուրախանալ։ Թեև կամավորության ու անձնվիրության հիմունքներով գործող հասարակական կամ քաղաքական կազմակերպություններից որևէ բան պահանջելն անհեթեթություն է, քանի որ պահանջել կարելի է միայն հարկատուների հաշվին ապրող հաստատություններից, այսինքն` պետությունից, և թեկուզ մեզ ներկայացվող պահանջները հաճախ «Բա խի գլխարկ չես դրել» սինդրոմի տպավորություն են թողնում, բայց կարևորը դա չէ, այլ այն, որ իշխանություններից ու քաղաքական մյուս ուժերից վաղուց ի վեր ոչինչ չեն պահանջում, ինչը նշանակում է, որ նրանցից այլևս սպասելիք չունեն։
Բողոքում, դժգոհում ու պահանջում են միայն մեզանից, ինչն, իր հերթին, նշանակում է, որ փոփոխությունների հույսը հասարակությունը բացառապես Հայ ազգային կոնգրեսի հետ է կապում։ Սա, թերևս, Կոնգրեսի գործունեության ամենաանկողմնակալ ու խոսուն գնահատականն է, որը, սակայն, մեզ համար ոչ թե ինքնագոհության, այլ մեր պատասխանատվությունն առավել հստակ գիտակցելու խթան պիտի հանդիսանա։
Կարծում եմ` Կոնգրեսը կարիք չունի ապացուցելու ո՛չ իր հետևողականությունը, ո՛չ զոհողությունների գնալու պատրաստակամությունը, ո՛չ մարտավարելու ու խուսանավելու կարողությունը, ո՛չ կազմակերպական ունակությունները, ո՛չ էլ քարոզչական հմտությունն ու քաղաքական հասունությունը, այլապես նրան որևէ կերպ չէր հաջողվի, տեղեկատվական շրջափակման, ամենօրյա հալածանքների ու ոստիկանական տեռորի պայմաններում, երկու տարուց ավելի առաջնորդել ժողովրդին և շարունակել վայելել նրա վստահությունը, ինչի վկայություններից մեկն է, թեկուզ, այսօրվա բազմամարդ հանրահավաքը։ Սովորաբար, Հայ ազգային կոնգրեսի ակտիվության մասին դատում են հանրահավաքների և զանգվածային այլ միջոցառումների հաճախականությունից` մոռանալով այն ճշմարտությունը, որ հրապարակային ակցիաները քաղաքական ուժի գործունեության սոսկ մեկ, այն էլ՝ ոչ ամենակարևոր կողմն են։ Բազմիցս բացատրվել է, որ հանրահավաքներն ինքնանպատակ չեն, որ ամենուրեք դրանք, որպես կանոն, տեղի են ունենում ընտրությունների ընթացքում կամ բացառիկ սոցիալ-քաղաքական իրավիճակներում, և որ հաճախակիությունը ոչ թե ուժեղացնում, այլ նվազեցնում է դրանց ազդեցությունը։ Բայց միևնույն է, շատերը համառորեն չեն ընդունում այս բացատրությունը և անտեսում կամ երկրորդական են համարում այն ամենօրյա հսկայական աշխատանքը, որ Կոնգրեսը կատարել ու կատարում է իր ձևավորումից ի վեր։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ.
Ոչ ոք առայժմ չի անդրադարձել այն հարցին, թե այդ ինչպես պատահեց, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածը երկու տարվա ընթացքում պարզապես փուլ եկավ, և վերջնականապես ապացուցվեց, որ սադրիչ գործողությունները, մեքենաների հրկիզումները, խանութների թալանն ու սպանությունները նախօրոք ծրագրվել, կազմակերպվել ու իրագործվել են իշխանությունների կողմից, և որ իրականում ոչ թե ընդդիմությունն է իշխանության յուրացման փորձ կատարել, այլ ավազակապետական վարչախումբն է բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացրել, ինչն այսօր ընդունվում է նաև միջազգային հանրության կողմից։ Այս կարևորագույն, բայց բարդ խնդիրը լուծվեց, առաջին հերթին, Հայ ազգային կոնգրեսի համառ ջանքերի ու տքնաջան աշխատանքի գնով ձեռք բերված հազարավոր տեսանյութերի, լուսանկարների, ականատեսների վկայությունների և մանավանդ գաղտնի կամ կիսագաղտնի այն փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, որոնք լիովին պարզեցին թե՛ բուն ոճրագործության, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի կամ, Թոմաս Համարբերգի խոսքերով, քաղաքական վենդետայի ողջ էությունը։ Ավելորդ չեմ համարում թվարկել այդ փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրի հրապարակումը ժամանակին ուղղակի սենսացիա առաջացրեց.
– 2008թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ քվեարկության օրը, իմ նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկման և նրա նկատմամբ օպերատիվ այլ գործողությունների իրականացման վերաբերյալ դատավոր Ժ.Վարդանյանի կայացրած որոշումը, որը հրապարակումից հետո անմիջապես որակվեց որպես «Հայկական Ուոթերգեյթ».
– 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի արձակած հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձևավորման և Երևան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման մասին, որի գաղտնազերծումը լիովին բացահայտեց իշխանությունների կողմից իրականացված պետական հեղաշրջման փաստը.
– 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ.Մարուքյանի կողմից «Լևոն Տեր-Պետրոսյանի և մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» քրեական գործ հարուցելու վերաբերյալ կայացված որոշումը, որը, փաստորեն, դարձավ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի հիմքը.
– 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վ.Հարությունյանի նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացրած որոշումը, որից աներկբայորեն պարզվում են ոստիկանական գործողությունների բուն նպատակն ու ճշգրիտ ժամանակը.
– 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահեստից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 ոճրագործների զինվորական համազգեստ տրամադրելու մասին կազմված գրությունը, որը միանգամայն բացահայտում է վարչախմբի քրեական էությունը.
– 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ «քննչական հանձնարարականը» մարզային դատախազներին, որն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ արժանացավ թե՛ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համարբերգի առանձնահատուկ ուշադրությանը.
– Եվ վերջապես, Փաստահավաք խմբի երկու հիմնավոր զեկույցները ոստիկաններ Տիգրան Աբգարյանի և Համլետ Թադևոսյանի սպանության հանգամանքների մասին, որոնց բացահայտումները գլխիվայր շրջեցին քննչական մարմինների կատարած հետաքննության արդյունքները։
Եթե Հայ ազգային կոնգրեսը ոչ մի այլ բան արած չլիներ, ապա նույնիսկ այսքանը բավական էր պատկերացնելու և ըստ արժանվույն գնահատելու նրա գործունեության հսկայական ընդգրկումը…
Դժվար է չնկատել, որ բոլոր այս խնդիրների իրականացման ուղղությամբ Հայ ազգային կոնգրեսը մինչ այժմ արել է հնարավոր առավելագույնը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետև ևս այդ առումով որևէ հնարավորություն բաց չի թողնի։ Մանրամասների մեջ չեմ խորանում։ Հավաստիացնում եմ միայն, որ ընտրված ճանապարհից մենք երբևէ չենք շեղվելու և պայքարելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Թեև, ինչպես ասվում է հայիթյան մի ցնցող ասացվածքում, «Լեռներից այն կողմ, նորից լեռներ են», այսինքն` գոյություն ունեցող խնդիրների լուծումից հետո մեր առջև ծագելու են նոր խնդիրներ, մենք պարտավոր ենք հաղթահարելու ցանկացած արգելք և մագլցելու թեկուզ հազար լեռ։

Ապրիլի 6-ի հանրահավաքի ելույթից

Կարող է հարց ծագել, թե Քոչարյանի ինչի՞ն է պետք նորից նախագահ դառնալ։ Իհարկե, պետք չէր, եթե նա վստահ լիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե մինչև նախագահական ժամկետի ավարտը կմնա իր պաշտոնին։ Այդ վստահությունը նա չունի և սարսափում է այն մտքից, որ կորցնելով Սարգսյանի «տանիքը», որն ստեղծելու համար նույնիսկ տասը մարդու արյան պատասխանատվության տակ է ընկել, կկորցնի ոչ միայն իր իշխանության օրոք ձեռք բերած հսկայական կարողությունը, որի մասին վերջերս ծավալուն հրապարակում եղավ մոսկովյան մամուլում, այլև կկանգնի արդարադատության առջև։ Այդ սարսափը նա տենդագին կերպով փորձում է փոխանցել նաև քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներին, նրանց ներշնչելով մոտավորապես հետևյալը. «Արա, չե՞ք ջոկում, որ էս անճարակը հեսա վլաստը կորցնելու ա։ Գալու ա Լևոնն ու սաղիս հերն անիծի, ունեցած-չունեցածներս ձեռքներիցս խլի։ Մի բան արեք, սրանից պրծնենք, թե չէ կորած ենք»: Չեմ կարծում, սակայն, թե այս հոգեբուժական սեանսները, որոնցից մեկն, ըստ լուրերի, օրերս տեղի է ունեցել Դուբայում, արձագանք կգտնի հայոց երևելիների նուրբ հոգիներում, որովհետև նախ՝ նրանք «նաղդը» թողած «նիսիայի» ետևից չեն ընկնի, և երկրորդ՝ նրանք շատ լավ գիտեն, որ որքան էլ պետական գործերում անճարակ, բայց գողական հարաբերություններում Սարգսյանը Քոչարյանին «ծալած», «փաթթած» ու «ոլորած» ունի։ Կներեք, որ ստիպված եմ խոսել «վերխուշկեքի» դասական լատիներենով, քանի որ նրանք ուրիշ լեզու, այդ թվում` Հայաստանի պետականը, չգիտեն։ Մի խոսքով, Քոչարյանի «դվիժենիների» պատճառը ոչ թե Ղարաբաղի ու Հայաստանի համար ստեղծված ծանր կացությունից ելք գտնելու մտահոգությունն է, այլ սեփական կաշվի ու հարստության փրկությունը։ Նա թքած ունի թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի վրա։
Այսպիսով, ո՛ր կողմից էլ դիտարկելու լինենք, ավազակապետության հիմնովին փտած նավը բոլորիս աչքի առջև խորտակվում է։ Դա երևում է թե՛ իշխանական ճամբարում տիրող խուճապից ու ներքին գզվռտոցից, թե՛ տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կառավարության անճարակ ու հուսահատ գործողություններից, թե՛ քրեաօլիգարխիկ կապիտալի տենդագին արտահանումից, թե՛ պատերազմի վտանգի մասին հիստերիկ պաշտոնական քարոզչությունից, թե՛ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում սաստկացող միջազգային ճնշումներից և թե՛ մանավանդ ղարաբաղյան կարգավորման սրընթաց ու ակնհայտորեն անբարենպաստ զարգացումից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հանցավոր վարչախումբը, իր հետ միասին, չխորտակի նաև Ղարաբաղն ու Հայաստանը. մի բան, որ եղել ու մնում է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր մտահոգությունն ու գործողությունների առանցքը։ Մեր տեղն այս զգայուն իրավիճակում մենք տեսնում ենք խնդիրներն ավելի չբարդացնելու, արտաքին ճնշումների սաստկացմանը չնպաստելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու, մի խոսքով՝ վնասները վերահսկելու կամ նվազագույնի հասցնելու (damage control) դերում, որքան էլ իշխանություններն անհաղորդակից մնան Հայաստանի և Ղարաբաղի առջև կանգնած մարտահրավերները դիմագրավելու նպատակով ազգային համերաշխության հաստատմանը միտված մեր անկեղծ ձգտմանը։ Այս բախտորոշ պահին, ժողովրդի սիրտը շահելու միջոցով նրա աջակցությունն ստանալու առիթի բացթողումը, վերջին հաշվով, հանդիսանալու է կարճատես իշխանությունների ամենաճակատագրական սխալը և թե՛ իրենց ու թե՛ երկրին բաժին ընկնելիք դժբախտությունների գլխավոր պատճառը։

Հուլիսի 17-ին ՀՀՇ 16-րդ համագումարի ելույթից

Իսկ այժմ՝ մի քանի խոսք Հայոց համազգային շարժման ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջանակներում։ Բայց այդ քննարկումներն ասեկոսեներից այն կողմ չեն անցնում և ամենևին չեն արտացոլում բուն իրականությունը։ Իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի միջև։ Սակայն ՀՀՇ վարչության և խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, և Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել։ Հետևաբար, չեմ կասկածում, որ այս փորձությունից ՀՀՇ-ն դուրս է գալու ավելի ամրակուռ, ավելի միակամ, ավելի հզորացած՝ իր ողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնելով Հայ ազգային կոնգրեսի նպատակների ու ծրագրերի իրականացման գործին։ Դրա միանշանակ հաստատումն է ինչպես այս դահլիճում տիրող առողջ ու ոգևորիչ մթնոլորտը, այնպես էլ համագումարի աներկիմաստ ու բովանդակալից բանաձևը, որը ոչ մեկին այլևս հույս չի կարող թողնել սեպ խրելու ՀՀՇ-ի և Կոնգրեսի միջև։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ ազգային կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որևէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել։ Մենք դիմացանք գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի, կդիմանանք նաև նման ճղճիմ վնասարարությունների։ Այս համագումարից հետո, մենք, վստահաբար, կարողանալու ենք հայտարարել, որ ՀՀՇ-ի և Կոնգրեսի համագործակցությունն անսասան է։
Ուստի՝ կեցցե Հայոց համազգային շարժումը, կեցցե Հայ ազգային կոնգրեսը, կեցցեն Կոնգրեսին անդամագրված բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, տասնյակ հազարավոր անհատները, և հաջողություն մեր ընդհանուր գործին։

Սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ելույթից

Հակառակ ասեկոսեներին, իշխանափոխությունը եղել և մնում է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր խնդիրը, և մենք հետևողականորեն ու անդադրում հետապնդելու ենք այն` անկախ նրանից, թե որքան համառ կլինի ավազակապետության դիմադրությունը, որքանով մեզ կօժանդակեն երկրի ճակատագրով մտահոգ մյուս քաղաքական ուժերը և ո՛ր չափով միջազգային հանրությունը կշարունակի սատարել Հայաստանի հանցագործ իշխանություններին։
Իշխանափոխության խնդրի ձգձգումը, սակայն, չի նշանակում, որ մենք տվյալ պահին իրավիճակը թեկուզ որոշ չափով շտկելու մասին չպետք է մտածենք։ Մենք մշտապես պնդել ու այսօր էլ համարում ենք, որ երկու վճռական քայլ կարող է կտրուկ կերպով փոխել ղարաբաղյան կարգավորման գործընթացի անբարենպաստ զարգացումը.
1. Հայաստանի ներքին կյանքի ազատականացումը՝ ժողովրդավարության սահմանափակումների վերացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և ներազգային համերաշխության հաստատումը.
2. Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակի վերականգնումը։
Սերժ Սարգսյանը ո՛չ մեկն է անում, ո՛չ մյուսը, ինչը գերագույն պատասխանատվություն պահանջող ներկա իրավիճակում հավասարազոր է ազգային դավաճանության։ Հետևաբար, Հայ ազգային կոնգրեսի անունից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
1. Թեև մենք կողմ ենք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, բայց վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպեսև ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը.
2. Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ և թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը.
3. Մենք պահանջելու ենք նաև, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, ինչն արտառոց չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում։
Սարգսյանը որևէ զիջում կատարելու ժողովրդական մանդատ չի ստացել, քանի որ նախ՝ իր նախընտրական ծրագրում հասարակությանը հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարգավորման գործընթացից դուրս թողնելու կամ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու խոստում չի տվել, և երկրորդ՝ պարզապես ընտրված նախագահ չէ։ Հետևաբար, նա ընդհանրապես որևէ որոշում կայացնելու, հրամանագիր արձակելու, օրենք վավերացնելու և համաձայնագիր կնքելու իրավունք չունի, իսկ մինչ այժմ նրա կողմից ստորագրված բոլոր որոշումները, հրամանագրերը, օրենքներն ու համաձայնությունները զուրկ են իրավական ուժից։
Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ մենք սպառված ենք համարում իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մեր պատրաստակամությունը։ Դեռևս ո՛չ՝ նկատի ունենալով ազգային շահը։ Սակայն երկխոսության համար անհրաժեշտ նախկին պայմանին՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, մենք այժմ ավելացնում ենք ևս մեկը՝ մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը և դրանց պատասխանատուների դատական հետապնդումը։ Իսկ երկխոսությունը կարող է վերաբերել միայն մեկ հարցի՝ խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանության փոխանցմանը ժողովրդին, ինչը հնարավոր է իրագործել միայն արտահերթ ընտրությունների միջոցով, ընդ որում՝ սկզբում նախագահական, և ապա միայն խորհրդարանական։ Ինչպես դիպուկ կերպով ձևակերպել է Ստեփան Դեմիրճյանը, քանի որ Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամն առաջացել է ընտրությունների պատճառով, ուրեմն այն պետք է հաղթահարվի նույնպես ընտրությունների միջոցով։
Իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ նախևառաջ՝ սկզբունքի հարց, որովհետև ժողովրդից խլված իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, և երկրորդ՝ պատմական անհրաժեշտություն, թելադրված Հայաստանի ու Ղարաբաղի առջև կանգնած ներկա մարտահրավերներով, որոնց դիմագրավման այլ միջոց գոյություն չունի։
Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ հեռանալու է իշխանությունից։ Այդ բանը նա կարող է անել կա՛մ ժողովրդի հետ վերջնականապես թշնամացած, կա՛մ էլ քիչ թե շատ հաշտված վիճակում։ Թե՛ իր, թե՛ ժողովրդի համար, անշուշտ, նախընտրելի է երկրորդ տարբերակը։ Այլապես մեր երկրի կորուստները, որոնք արդեն իսկ անթիվ են, անշրջելի կարող են դառնալ։
Այսօրվանից մեր պայքարը թևակոխում է մի նոր և ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը։

Հոկտեմբերի 15-ի հանրահավաքի ելույթից

Ըստ մոսկովյան մամուլի հայտնի հրապարակումների, որոնք լայն արձագանք են գտել նաև միջազգային ասպարեզում, Հայաստանի ամենակոռումպացված պետական պաշտոնյաներն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Գևորգյանը, Վարդան Այվազյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Արմեն Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը, Հրաչյա Հարությունյանը, Միքայել Մինասյանը, Ալեքսան Հարությունյանը, Արթուր Ջավադյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիշա Հարությունյանը և Սուրեն Խաչատրյանը։ Թե որքան հավաստի են նշված հրապարակումներում հիշյալ անձանց կարողություններին վերաբերող տվյալները, կարող է ապացուցել միայն դատարանը։ Բայց քանի որ վերջիններս զրպարտության հայցով դատարան չեն դիմում, մենք հիմք չունենք չհավատալու այդ տվյալներին։ Եթե մտածենք, թե նրանք դատարան դիմելու հակում կամ սովորություն չունեն, այդպես չէ։ Շատ ավելի չնչին մի առիթով Քոչարյանը դատական քաշքշուկ սկսեց «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ, իսկ Տիգրան Սարգսյանը երեք անգամ դատ բացեց Հրանտ Բագրատյանի դեմ։ Տղամարդ եք, դե դատի տվեք նաև մոսկովյան թերթերին։ Թե՞ ձեր ուժը միայն տանն է պատում։
Մոսկովյան մամուլի հիշատակված հրապարակումներում Հայաստանի ամենամեծ կոռուպցիոներների շարքում թվարկված են նաև հայտնի գործարարների կամ օլիգարխների անունները։ Բայց սա բոլորովին այլ կատեգորիա է։ Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը և ոչ թե գործարարությանը հատուկ երևույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետև առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ։ Մի առիթով ես նշել եմ, որ գործարարներն ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները և այլն։ Բայց դա նրանց մեղքը չէ, այլ թերևս դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։ Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ։ Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետև նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են։ Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել։ Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում և այլն։ Քավ լիցի, ես ամենևին միտք չունեմ արդարացնելու օլիգարխների հանցագործությունները, որոնք անթիվ են։ Ասածիս իմաստը սոսկ հետևյալն է. դրեք գործարարներին ուրիշ պայմանների մեջ, և նրանք կգործեն բոլորովին այլ կերպ։
Կոռուպցիան ոչ թե, կամ ավելի ճիշտ` ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան քաղաքական չարիք է։ Հայաստանի կոռումպացված իշխանական համակարգի վերը ներկայացված պատկերից պետք է հասկանալի լինի, թե ինչու տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդը։ Ավազակախմբի առջև կանգնած էր ոչ միայն իշխանությունը կորցնելու, այլև հափշտակած հսկայական հարստությունից զրկվելու վտանգը։ Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն տասը, այլև հազար մարդ։ 1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետև կորցնելու բան չուներ։ Եթե որևէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։ Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն։ Խուսափում եմ օգտագործել «ժողովրդին ծառայելու» տափակ արտահայտությունը, որովհետև երբեք չեմ հավատացել իրենց «ժողովրդի ծառա» հորջորջող մարդկանց, բացի «խալխի նոքար» Սայաթ-Նովայից։
…Հետևաբար, քանի որ Հայաստանի իշխանություններն ամենևին մտադիր չեն պայքարել իրենց սնուցման ու ճոխացման աղբյուրը հանդիսացող չարիքի դեմ, իսկ միջազգային հանրությունն էլ առայժմ անտարբեր է այս հարցում, մնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշն իր ձեռքը վերցնի հասարակությունը։ Այդ գործում կարևոր դեր է վերապահված հասարակական կազմակերպություններին և անկախ մամուլին, որոնք արդեն իսկ հսկայական աշխատանք են կատարել կաշառակերության, դրամաշորթության, տնտեսական զեղծարարությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման հազարավոր դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա նա, ձևավորման օրվանից, իր հիմնական խնդիրներից մեկն է համարել իշխանությունների հանցավոր տնտեսական գործունեության և երկրի կազմակերպված թալանի անխնա մերկացումը։ Տարակույս չունենաք, որ մենք ամեն ինչ անելու ենք այդ գործը մինչև վերջ հասցնելու համար։
…Այսօրվանից ևեթ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում