ՄԱԿ-ի աշխատակից նորվեգացի տղամարդուն այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում առևանգել են զինված ցեղախմբի անդամները:
Նորվեգիայի արտգործնախարարության խոսնակի հաղորդմամբ՝ 34-ամյա նորվեգացի տղամարդուն առևանգել են այսօր, բայց մանրամասներ նա չի հայտնել:
Associated Press-ի հաղորդմամբ, ըստ Եմենի անվտանգության ծառայողների, ՄԱԿ-ի աշխատակցին առևանգել են Սանա մայրաքաղաքում զինված ցեղախմբի անդամները, ովքեր նրան տեղափոխել են Մարաբոու շրջան՝ մայրաքաղաքից 170 կիլոմետր հեռու:
Հայտնում են, որ տղամարդուն առևանգել են Abide Marabou ցեղախմբի անդամները: Նրանք այս կերպ պահանջում են ազատել իրենց ցեղակցին, որը ձերբակալվել էր 4 զինվորի սպանելու մեղադրանքով:
Եմենի ռազմական ղեկավարներից մեկն այսօր հայտնել է նաև, որ «Ալ-Քաիդայի» գրոհայինները այսօր սպանել են երկու զինվորի:











































