Իրանն այսօր հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունից նամակ է ստացել Հորմուզի նեղուցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իրանը սպառնացել էր փակել նեղուցը, եթե իր դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով չկարողանա նավթ արտահանել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթին հայտնել է, որ Թեհրանը դեռ չի որոշել՝ պատասխանելո՞ւ է արդյոք նամակին , թե՞ ոչ, նաև չի նշել, թե մասնավորապես ինչ էր գրված այնտեղ:
ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մեհմանփարասթին հայտնել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ հաղորդագրությունը Իրան է հասել երեք տարբեր աղբյուրների միջոցով. այն տրվել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին, Շվեյցարիայի նախագահը հաղորդագրությունը ներկայացրել է արտգործնախարարությանը և Իրաքի նախագահը այն հանձնել է Իրանին:
Նա նաև ասել է՝ եթե Իրանը գտնի, որ կարիք կա նամակին պատասխանելու, ապա կպատասխանի:
Նշենք, որ սկսած 1979 թվականից՝ Իրանն ու ԱՄՆ-ն ուղղակի դիվանագիտական կապեր չունեն. Իրանի շահերը ԱՄՆ-ում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը:









































