Հունվարի 11-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը եղել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում: Նրանք արձանագրել են բազմաթիվ առողջապահական խնդիրներ: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց դիտորդական խմբի անդամներից մեկը:
Նա նշեց, թե խնդիրն այն է, որ կանանց չեն տեղափոխում Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց: «Նրանց հիմնականում սպասարկում են քաղաքացիական հիվանդանոցներում, որը շատ բարդ է: Դատապարտյալներին պետք է թույլտվություններ տրվեն վարչությունից, այնուհետև պայմանավորվածություն ունենան հիվանդանոցում և տեղափոխեն: Կենտրոնական հիվանդանոց չտեղափոխելը պատճառաբանում են նրանով, որ նպատակահարմար չէ տղամարդկանց և կանանց նույն հիվանդանոցում սպասարկելը»,- նշեց դիտորդական խմբի անդամը`հավելելով, որ այս դեպքում միակ տարբերակն այն է, որ մի բուժծառայություն ստեղծվի՝ ապահովված բուժսարքավորումներով, որովհետև կան տարբեր խնդիրներով տառապող կանայք: Նա նաև փաստեց, որ բողոքները բուժվարչությունից շատ են, իսկ տեղի բժիշկներն ամեն ինչ անում են, բայց նրանց ձեռքին ոչինչ չկա. չունեն համապատասխան միջոցներ:
Դիտորդական խմբի անդամները նաև բազմիցս դիմել են արդարադատության նախարարին՝ հունիսի 9-ին, 11-12-ին և հուլիսի 22-17-ին՝ հրատապ հաշվետվությամբ, որպեսզի ծանր հիվանդությամբ դատապարտյալների հարցը քննարկվի: «Մինչ օրս մենք միայն հետևյալ պատասխանն ենք ստանում՝ հարցն ուղարկված է միջգերատեսչական հանձնաժողովին: Մինչև հիմա ոչ մի հանդիպում չի եղել: Այդ դատապարտյալներն են Հովհաննես Դոխոլյանը, Արմեն Թագվորյանը և Ռուզաննա Մանուկյանը»,- նշեց դիտորդական խմբի անդամը`հավելելով, որ նրանց վիճակը ծանր է:







































