Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Անկարան, վերանայելով գազի մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիրը, հասավ ռուսական գազի գնի նվազմանը.
«Այժմ Թուրքիայում ռուսական գազի գները նույնն են, ինչ՝ Եվրոպայում։ Ռուսական գազի գնի նվազեցումը Թուրքիային կապահովի հավելյալ եկամուտ։ Եթե Թուրքիան չկարողանար հասնել ռուսական գազի նվազմանը, ապա հետագայում մեծ կորուստներ կկրեր։
Ես չեմ նշում ռուսական գազի կոնկրետ գինը, քանի որ դա համարվում է կոմերցիոն գաղտնիք։ Այդ համաձայնագիրը վկայում է Թուրքիայի տարածաշրջանային նշանակության մասին»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի վերջին Թաներ Յըլդըզը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին` Թուրքիային հատկացվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ: Ըստ Յըլդըզի` ռուսական «Գազպրոմը» վերջին 29 ամիսների ընթացքում 39 տոկոսով բարձրացրել էր գազի գինը։
Արդյունքում, նախորդ տարեվերջին Թուրքիան տվեց իր համաձայնությունը՝ սեփական տարածքային ջրերով ռուսական «Հարավային հոսք» գազամուղի անցման հարցում, իսկ Ռուսաստանն էլ նվազեցրեց Թուրքիային վաճառվող իր գազի գինը։ Այդ կապակցությամբ կողմերը կնքեցին գազային մատակարարումների վերաբերյալ երկու համաձայնագիր, որոնցից մեկն առնչվում է մինչև 2021 թվականի մատակարարումներին, իսկ մյուսը՝ մինչև 2025 թվականի մատակարարումներին։









































