Ամերիկյան The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մշակում է անհապաղ գործողությունների պլան՝ Իսրայելի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու դեպքում՝ պաշտպանելու Պարսից ծոցում իր օբյեկտները։
Ամերիկյան պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պաշտպանության նախարար Լեոն Պանետան մի շարք նամակներ են հղել Իսրայելի ղեկավարությանը, որոնցում զգուշացրել են Իրանին ավիահարվածներ հասցնելու հետևանքների մասին։
Այդ պլանում Օբաման հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, իսկ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարտին Դեմփսին հաջորդ շաբաթ Թել Ավիվում հանդիպելու է Իսրայելի զինվորական ղեկավարության հետ։
Պարբերականը հավելում է, որ իսրայելական հարվածի դեպքում Իրանի պատասխան գործողություններին դիմագրավելու համար ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի 15,000-անոց զինվորական կոնտինգենտ (Քուվեյթում) և ռազմածովային ուժերի երկու (Carl Vinson, Abraham Lincoln) ավիակրային հարվածային խմբավորում։









































