Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը իջեցրել է Եվրամիության մի շարք երկրների վարկային վարկանիշները: Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Վարկանիշն իջեցրած երկրների թվում են Ֆրանսիան և Ավստրիան, որոնց վարկանիշն առավելագույն «AAA» մակարդակից իջեցվել է «AA+»՝ բացասական կանխատեսումներով, ինչը նշանակում է, որ այն հետագայում նույնպես կարող է իջեցվել:
Իտալիայի և Իսպանիայի վարկանիշներն իջեցվել են 2 աստիճանով՝ համապատասանաբար «А»-ից «ВВВ+» և «AA-»-ից «А»: Նրանց կանխատեսումները նույնպես բացասական են:
Նշված երկրներից բացի՝ գործակալությունն իջեցրել է Մալթայի, Սլովակիայի, Սլովենիայի (մեկ աստիճանով), ինչպես նաև Կիպրոսի և Պորտուգալիայի (երկու աստիճանով) վարկանիշները: Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆիլիպինների, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Էստոնիայի և Իռլանդիայի վարկանիշները մնացել են նախկին մակարդակների վրա: Բացի Սլովակիայից ու Գերմանիայից՝ մնացած երկրների կանխատեսումները բացասական են:
Պարզաբանելով վարկանիշների իջեցումները՝ գործակալության վերլուծաբանները նշել են, որ եվրոգոտու անդամ-երկրների կառավարությունները բավարար չափով քայլեր չեն ձեռնարկում համակարգային ճգնաժամը տարածաշրջանում հաղթահարելու համար:
Agence France-Presse-ը գրում է, որ ԵՄ ներկայացուցիչները քննադատության են ենթարկել գործակալության որոշումները: Այսպես, ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը Standard & Poor’s-ի գործողությունները համարել է «անհետևողական» այնպիսի պայմաններում, երբ եվրոգոտին «վճռական քայլերը է ձեռնարկում բոլոր ճակատներում»:
Ֆրանսիայի և ԵՄ մի շարք երկրների վարկանիշներն իջեցնելու տեղեկությունը համաշխարհային ԶԼՄ-ներում հայտնվել էր հունվարի 13-ի կեսօրին՝ Standard & Poor’s-ի պաշտոնական հայտարարությունից մի քանի ժամ առաջ:










































