ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի՝ Երևան կատարելիք այցի արդյունավետության մասին հնարավոր կլինի դատել միայն նրանց՝ այստեղից հեռանալուց և Մարտի 1-ին 10 անձանց սպանության հետ կապված խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հրապարակելուց հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մարտի 1-ի Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
«Նրանք կգան, կծանոթանան ամիսներ առաջ ՀՔԾ-ի հրապարակած միջանկյալ զեկույցին: Բայց թե ինչ նպատակներով էին նրանք եկել և ինչով է ավարտվել նրանց առաքելությունը, պարզ կդառնա միայն համազեկուցողների հետագա պահվածքից: Միաժամանակ, Ֆիշերի և Պրեսկոտի այցի մեջ անձամբ ես հուսադրող որևէ բան չեմ տեսնում: Ամեն բան պարզ կլինի նրանց այցից հետո, երբ համազեկուցողները գնահատականներ կտան ՀՔԾ-ի կատարած աշխատանքին»,- ամփոփեց Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը Հայաստան կայցելեն հունվարի 16-ին:











































