ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը Հայաստան կայցելեն հունվարի 16-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ԵԽ երևանյան գրասենյակից:
«Հակառակ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերի, թե Հայաստանի հարցով համազեկուցողներից Աքսել Ֆիշերը, առողջական խնդիրների պատճառով, հունվարի 16-17-ը չի ժամանի Հայաստան, մենք, այս պահի դրությամբ, պաշտոնական նման որևէ ծանուցում չունենք»,- տեղեկացրին գրասենյակից:
Նշենք, որ մի քանի լրատվամիջոցներ գրում են, թե Հայաստանի հարցով համազեկուցողներից Աքսել Ֆիշերը, առողջական խնդիրների պատճառով, հունվարի 16-17-ը չի ժամանի Հայաստան: Նշենք նաև, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և արդարադատության համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` քննարկումների ժամանակ ուշադրության կենտրոնում կլինեն անցած տարի ԵԽԽՎ-ի ընդունած թիվ 1837 բանաձևի պահանջների կատարման ընթացքը, որոնք վերաբերում են մասնավորապես 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությանը, ոստիկանության դեմ բողոքների անկախ մեխանիզմի ստեղծմանը և ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը և դիտարկման ընթացակարգի առաջնահերթ ոլորտները:







































