Սյունիքի մարզկենտրոնի հաստաբուն ծառերը վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Նմանատիպ ծառերը կարող են ընկնել ուժեղ քամիներից կամ ձյան առատ տեղումներից և վնաս հասցնել շենքերին ու բնակիչներին. համենայն դեպս այսպես է ասում տեղի իշխանությունը: «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն) «ստիպված» ծառերի հարկադիր հատում է կազմակերպել: Քաղաքի կենտրոնական մասի` Կ. Դեմիրճյան հրապարակին հարակից չորացած 28 բարդիների բները և փայտանյութը արդեն տրամադրվել է քաղաքի երաժշտական, գեղարվեստի, սպորտ դպրոցներին և վառելափայտով ջեռուցվող մի քանի մանկապարտեզների: Կապանի համար խորհրդանշական դարձած բարդիները չորացել էին երկու տարի առաջ` քաղաքապետարանի կողմից ոչ ճիշտ էտման արդյունքում: Կապանի կոմունալ ծառայությունը նախատեսել է գարնանը հատված ծառերի տեղում տնկել եղևնիներ: