Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Իսրայելը բարձրացրել է իր հատուկ ծառայությունների մարտական պատրաստվածության աստիճանը, ինչը պայմանավորված է նրանով, որ Իրանը խոստացել է վրեժխնդիր լինել 32-ամյա իրանցի միջուկային մասնագետ Ահմադի Ռոշանի սպանության համար։ Իրանը դրանում մեղադրում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությանը և իսրայելական «Մոսադ»-ին։
Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը բարձրացնում է արտասահմանում իսրայելական ներկայացուցիչների անվտանգության միջոցները։ Այդ կապակցությամբ Իսրայելի ուժային կառույցներն անցկացնում են կանոնավոր խորհրդակցություններ, ինչը միտված է արտասահմանում գտնվող Իսրայելի պատվիրակությունների ու բարձրաստիճան անձանց անվտանգության ապահովմանը։








































