Հայաստանում բոլոր ոլորտները մենաշնորհված են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` գնահատելով ներքաղաքական վիճակը ՀՀ-ում և ընտրությունների ազդեցությունը սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Նա ցավով նշեց, որ Հայաստանում կան այնպիսի այնպիսի քաղաքական ուժեր, որոնք սեփական խնդիրների շուրջ են կազմակերպում քաղաքականությունը, նրանց ուշադրության կենտրոնում սեփական հարցերն են և ոչ` ժողովուրդը, ասում են մեկ բան, անում` մեկ այլ բան: «ՀՀԿ-ն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավար ուժ: Ասում է, որ ժողովուրդը իրեն վստահում է` որպես ժողովրդավար ուժի, սակայն ամեն ինչ մենաշնորհված է: Քաղաքապետը պետք է ընտրվեր որպես առանձին սուբյեկտ և գործեր առանձին, սակայն բոլորը ՀՀԿ կրծքանշան են կրում և հրահանգներ են կատարում: Տնտեսությունը և բոլոր ոլորտները մենաշնորհված են: ԲՀԿ-ն ևս ուժի, փողի և հնարավորությունների կուսակցություն է»,- նշեց Տ. Կարապետյանը` հավելելով, որ ուսանողները ձգտում են ՀՀԿ զինվորը լինել. ուսխորհրդի նախագահ են եղել Շարմազանովը, Աշոտյանը:
Ըստ նրա` ցավալի է, որ կուսակցությունների գերագույն նպատակը ոչ թե ճշմարտությունն է, այլ ցանկացած միջոցով փող դիզելը և իշխանություն ունենալը, իշխանությունը դառնում է միլիարդատեր, մինչդեռ արդարության համար պայքարում հետևողական ուժեր չկան:
«Օրինակ` ՀԱԿ-ը հակադրվում է մեկ այլ ուժի, ուժը ուժ է ծնում: Ոչ ոք չի մտածում, որ արտագաղթը շարունակվում է և աստիճանաբար ավելի մեծ ծավալներ ստանում»,- ասաց կուսակցության նախագահը:
ԺԿ նախագահը անդրադարձավ նաև գալիք խորհրդարանական ընտրություններին և հայտնեց իր կարծիքը` ընտրություններին պետք է լինեն և մեծամասնական, և համամասնական ցուցակներ: «Մենք կորոշենք, թե ինչպես ենք մասնակցելու ընտրություններին»,- հավելեց Տիգրան Կարապետյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումներին, Տ. Կարապետյանը պատասխանեց. Ահարոն Ադիբեկյանին ինքը վաղուց անվանում է Սուտիբեկյան, նրա տվյալները արժանահավատ չեն: «Եթե Սուտիբեկյանին պետք է հավատանք կամ ուրիշ Բեկյանին, ապա թող ընտրվեն մարդիկ, ովքեր խաբում են և ասում են, որ ամեն բան լավ է»,- ամփոփեց Տիգրան Կարապետյանը:










































