ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է Կոնգրեսին ևս 1.2 տրլն դոլար ավելացնել պետական պարտքի առաստաղը: Այս մասին ասվում է նախագահի կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակին և Սենատի նախագահին ուղարկված նամակում:
«Կոնգրեսին տեղեկացնում եմ, որ նախորդ սահմանին մնում է 100 մլրդ դոլար, և պետության պարտականությունները կատարելու համար պահանջվում է ավելացնել պարտքի չափը»,- ասվում է նամակում:
Դա ֆորմալ գործընթաց է, որի շուրջ պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռևս օգոստոսին՝ պետպարտքի սահմանը բարձրացնելու շուրջ Կոնգրեսի և նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում: Օբաման խնդրում է խորհրդարանականներին բարձրացնել պետպարտքի առաստաղը երրորդ և վերջին անգամ: Նախագահի վարչակազմի կանխատեսումներով՝ այդ առաստաղի պահուստները կհերիքեն մինչև 2012 թ. նոյեմբերին նախատեսվող նախագահական ընտրություններ: Դրանից հետո կողմերը կշարունակեն բանակցությունները պետպարտքը առաստաղի շուրջը:
Սպասվում է, որ Կոնգրեսը առաջիկայում հավանություն կտա պետպարտքի սահմանի բարձրացմանը: «Դա սովորական գործընթաց է, մենք ձգձգումների չենք սպասում»,- РИА Новости-ին հայտնել է Սենատի պրոֆիլային կոմիտեի ապարատի ներկայացուցիչը։
Օրենքով Կոնգրեսը ԱՄՆ նախագահի խնդրանքին պետք է պատասխանի 15 օրվա ընթացքում:










































