Վրաստանի դերակատարությունը Հայաստանի կյանքում կարծես թե ավելի ու ավելի է աճում, միևնույն ժամանակ նաև ծայրահեղացնելով ընկալումները: Հանրության մի շերտ ուղղակի հիացած ու տպավորված է այն արդյունքներով, որ արձանագրել է Սահակաշվիլին իր կառավարման տարիներին, իսկ մեկ այլ շերտ էլ հավատացած է, որ այդ ամենն ընդամենը գեղեցիկ քող է, որի տակ թաքնված է վրացական պետության դատարկությունը և արատները: Բնականաբար, հանրային առաջին շերտը Սահակաշվիլիի հաջողության օրինակը մատուցում է որպես հնարավորի արվեստ, կամքի օրինակ, իսկ երկրորդ շերտը փորձում է ներկայանալ որպես առավել խորաթափանց և հետ պահել հասարակությանը անհարկի և միամիտ ոգևորությունից:
Որտե՞ղ է այս ամենում ճշմարտությունը: Ըստ երևույթին մեջտեղում, ինչպես հաճախ է պատահում հետխորհրդային իրականության հետ գործ ունենալիս: Բայց, մեջտեղում է ոչ այն իմաստով, որ Վրաստանում ինչ որ բան լավ է, իսկ ինչ որ բան վատ: Բոլոր երկրներում էլ ինչ որ բան լավ է և ինչ որ բան վատ, ու այստեղ բաժակի կիսով չափ դատարկ կամ կիսով չափ լիքը լինելու պատմությանն ենք մոտենում: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: Հայաստանի հասարակությունը ի դեմս Վրաստանի որոնում է մխիթարության, հույսի պես մի բան, կամ որոնում է ինքնարդարացում:
Նրանք, ովքեր Հայաստանում փորձում են փոփոխությունների հասնել, պայքարում են դրա համար, հաճախ անձնազոհ պայքարով, ի դեմս Վրաստանի փորձում են տեսնել մխիթարություն, հույս, ինչ որ մի ոգեղեն, բարոյական և միևնույն ժամանակ իրական հավաստիացում հնարավորի մասին: Իսկ նրանք, ովքեր Հայաստանում հարմարվել են կամ առկա վիճակին, կամ էլ անգամ հանդիսանում են դրա կրողները, դրա պատասխանատուներն ու փոփոխությունների արգելապատնեշները, փորձում են Վրաստանի օրինակը ներկայացնել որպես փուչիկ, որը պայթում է բոլոր հեղափոխությունների նման:
Այդպիսով նրանք փորձ են անում հետ պահել հանրությանը Վրաստանի օրինակով ոգևորվելուց, որովհետև հնարավոր չէ մինչև վերջ կանխատեսել այդ ոգևորության իրական և գործնական հետևանքները Հայաստանի հասարակական տրամադրությունների վրա ազդեցության տեսանկյունից: Այդ իմաստով, երևի թե ինքներս էլ չենք նկատում, որ Վրաստանը Հայաստանի համար դարձել է վատ օրինակ, դարձել է էներգիա կլանող, էներգիա շեղող մի օբյեկտ, որը խնդրի լուծումները ամենուր, բացի մեր իսկ մեջ տեսնելու հայկական ավանդական մտածողության հերթական մի հանգրվան է:
Վրաստանի օրինակն ունի մեզ համար ուսանելի շատ բաներ, բայց նաև կան շատ բաներ, որոնք Վրաստանը պետք է սովորի Հայաստանից, ու թող դա ամենևին տարօրինակ չհնչի շատերի ականջին: Խնդիրը այստեղ այն է, որ ցանկացած հասարակություն պետք է սովորի սեփական մխիթարությունները, հույսերը, հավաստիքներն ու լուծումները գտնել բացառապես իր մեջ և բացառապես իր օրինակներով և դասերով: Ինչո՞ւ: Որովհետև որքան էլ հաջողված լինեն այլ պետությունների օրինակները, միևնույն է դրանք կողմնակի հայացքի համար երբեք չեն կարող լինել ամբողջական, հետևաբար չլինելով ամբողջական, դրանց վրա կառուցված տպավորություններն ու եզրահանգումները կարող են լինել թերի:
Իսկ այդ տպավորություններն ու եզրահանգումները մնում են մեր մեջ, մեր առօրյա գործունեության մեջ, ու մեզանից շատերը դրա ընթացքում երբեք էլ չեն ֆիլտրում այդ ամենը, ու թերի պատկերացումները, ոչ ամբողջական պատկերից ձևավորված եզրահանգումները դառնում են հանրային սեփականություն, ազդելով նաև իրականության հասարակական ընկալման որակի վրա: Գուցե մի փոքր մարդ ստացվեց, բայց մոտավորապես հենց այդ բարդ խճանկարն էլ ձևավորվում է, երբ մենք ցանկացած բարոյական, հոգեբանական, իրավական, քաղաքական և նյութական խնդրի լուծման թեկուզ մի մասը որոնում ենք դրսում՝ կամա, թե ենթագիտակցորեն: Մինչդեռ մենք Հայաստանում ունենք հաղթահարելու շատ բարդություններ, և նորերը մեզ ամենևին պետք չեն:









































