Deep Purple-ի կիթառահար Սթիվ Մորսը և Dream Theater-ի նախկին թմբուկահար Մայքլ Պորտնոյը ստեղծել են սուպերխումբ` Flying Colors անվամբ:
Ինչպես հայտնում է Blabbermouth.net-ը, բացի նրանցից, նախագծի մեջ են մտել բաս կիթառահար Դևիդ Լյարը, որն աշխատում է Ջո Սատրիանիի և Սթիվ Վայի հետ, ստեղնահար Նիլ Մորսը՝ Spock’s Beard-ից և Transatlantic-ից և վոկալիստ Քեյսի Մաքֆերսոնը, որը հայտնի է Alpha Rev խմբի շնորհիվ:
Flying Colors-ի դեբյուտային համանուն ալբոմը լույս է տեսնելու 2012 թ. մարտի 26-ին՝ Music Theories Recordings ստուդիայում: Սկավառակը ձայնագրվել է ընդամենը 9 օրվա ընթացքում`2011 թ. առաջին կիսամյակում: Մայքլ Պորտնոյի խոսքերով, մասնակիցներից յուրաքանչյուրը ձայնագրման ստուդիա էր բերել այն, ինչը ուկնդիրը սպասելու էր իրենից, սակայն ընդհանուր աշխատանքն անսպասելի արդյունք գրանցեց:
Սկավառակի թողարկումից հետո Flying Colors-ը պատրաստվում է մեկնել շրջագայության: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նախագիծը գործելու է մե՞կ անգամ, թե՞ երաժիշտները մտադիր են շարունակել համագործակցությունը նաև հետագայում:









































