Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Դինքի ընկերներ» անվանմամբ խումբը հայտարարություն է տարածել՝ կապված հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հնգամյա տարելիցի հետ.
«Հրանտ Դինքի սպանությունից անցել է 5 տարի։ Մեզ չեն համոզում այն փաստարկները, թե նրա սպանությունն իրականացվել է 2-3 մարդու կողմից։ Մենք ցանկանում ենք, որ պատժվեն բոլորը, և ոչ թե միայն Դինքի վրա գնդակ արձակողները։
«Խիղճ ունեցող բոլոր անձինք ապրում են շարունակ ուժգնացող ցավով: Եթե մոռանանք սա, ապա մեր ընկերոջը ևս մեկ անգամ կսպանենք և նոր սպանությունների պատճառ կհանդիսանանք: Մենք պետք է համախմբվենք` նշելով, որ այս դատը պետք է վերջանա այն ժամանակ, երբ մենք համարենք, որ այն վերջացավ: Եթե 5 տարի էլ չէ, 95 տարի էլ անցնի, միևնույն է, մենք պահանջելու ենք արդարություն»։
Հայտարարության մեջ կոչ է արվում նաև մասնակցել երթին, որը սկսելու է Բեշիքթաշ թաղամասում և ավարտվելու է «Ակօսի» խմբագրատան մոտ կայանալիք ցույցով:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում։ Դինքի սպանության գործով հերթական դատալսումը տեղի է ունենալու հունվարի 17-ին։









































