Բրիտանական The Daily Mail պարբերականն իր կայքում հրապարակել է Ադոլֆ Հիտլերի՝ մինչ այժմ անհայտ գունավոր լուսանկարներ, որոնք 30-ականներից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը արվել են նրա անձնական լուսանկարիչ Հուգո Եգերի կողմից:
Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է նացիստների առաջնորդը ցույցերից մեկի ժամանակ ողջունում բազմահազարանոց ժողովրդին: Մեկ այլ նկարում Հիտլերը պատկերված է անհայտ միջոցառումներից մեկում՝ շրջապատված ավստրիացի դպրոցականներով:
Նկարների մեծ մասը նվիրված է Հիտլերի ծննդյան տոնակատարություններին: Դրանց մեծ մասն արվել է նրա 50-ամյակի ժամանակ: Լուսանկարներից մեկում Հիտլերը նվեր է ստանում սև Volkswagen կաբրիոլետ: Այդսպիսի նվեր նրան արել էր ավստրիական ավտոարտադրող Ֆերդինանդ Պորշեն: Պարբերականը գրում է, որ դա տեղի է ունեցել գերմանական զորքերի՝ Լեհաստան մտնելուց 5 ամիս առաջ:
Լուսանկարներից մեկում Հիտլերը հետևում է իր 50-ամյակի կապակցությամբ Իտալիայում կազմակերպված ռազմական զորահանդեսին:
Մեկ այլ նկարում լուսանկարիչը ֆիքսել է 1941թ. մյունխենյան սուրբծննդյան երեկույթը. նացիստների առաջնորդն իր սպաների հետ նստած է հսկայական եղևնու տակ: Հենց այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ՝ գնչուներ, միասեռականներ և հրեաներ սպանվում էին համակենտրոնացման ճամբարներում, գրում է պարբերականը:
Հաջորդ լուսանկարում երևում են հարյուրավոր նացիստ սպաներ՝ իրենց կանանց հետ, որոնք հավաքվել են 1943թ. իրենց առաջնորդի հերթական ծննդյան օրվան նվիրված դասական համերգին:
Թերթը գրում է, որ երբ դաշնակիցները 1945թ. մտել են Գերմանիա, Եգերի տունը խուզարկվել է: Ամերիկացի զինվորները կաշվե ճամպրուկի մեջ հայտնաբերել են հազարավոր լուսանկարներ: Եգերը վախենում էր, որ լուսանկարները կոչնչացվեն, սակայն նրան այնուամենայնիվ հաջողվել է շեղել ամերիկացների ուշադրությունը՝ նրանց առաջարկելով մեկ շիշ կոնյակ: Արդյունքում Եգերը կարողացել է թաքցնել նկարները ապակե տարաներում, որոնք թաղել է քաղաքի ծայրամասում: Այստեղ դրանք մնացել են մինչև 1955թ.-ը, որից հետո տեղափոխվել են բանկային պահոց, իսկ 1965թ. փոխանցվել ամերիկյան LIFE ամսագրին:





















































