ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատության է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի գործունեությունը և առաջարկել Արաբական պետությունների լիգային նոր դիտորդներ չուղարկել Սիրիա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համապատասխան հայտարարություն արվել է Կատարի վարչապետ Համադ բին Խասսիմ Ալ-Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Ինձ և պարոն Ալ-Թանիին միանգամայն հասկանալի է, որ դիտորդական առաքելությունը չի կարող հավերժ տևել: Չպետք է թույլ տալ, որ Բաշար Ալ-Ասադը և նրա վարչակարգն իրենց անպատիժ զգան,- հայտարարել է Քլինթոնը։- Իր գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, նախագահ Բաշար Ալ-Ասադը ապշեցուցիչ ցինիկ հայտարարություններ է անում՝ մեղքը բարդելով այլ պետությունների, ահաբեկիչների և դավադրությունների վրա»:
Քլինթոնը կասկած է հայտնել նաև ԱՊԼ դդիտորդական առաքելության արդյունավետության վերաբերյալ: «Առայժմ նրանց աշխատանքը չի կարելի հաջողված համարել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ, այնուամենայնիվ, իրենք կսպասեն կազմակերպության հաշվետվությանը:
Այս պահին ԱՊԼ-ն հրաժարվել է նոր դիտորդներ ուղարկել Սիրիա՝ կապված Լաթաքիայում առաքելության անդամների վրա հարձակման հետ:








































