Փարիզից «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:
– Աշխեն, առանց «Փարիզյան սուրճի»` ինչպե՞ս է կյանքը Փարիզում:
– Առանց «Փարիզյան սուրճի» կյանք չկա: «Փարիզյան սուրճն» աշխատում է: Ես մաղթում եմ, որ «Փարիզյան սուրճը» շարունակի իմ աշխատողների հետ աշխատել: Ուզում եմ ասել, որ ինձ համար իսկապես շատ դժվար է մտածել, որ ընդհանրապես չպետք է կապ ունենամ Հայաստանի կամ «Փարիզյան սուրճի» հետ: Ինչպես ասում են` ամենամեծ սիրո պատմությունը իր վերջն ունի, և կամաց-կամաց պետք է վարժվեմ այդ հեռավորությանը, բայց ես միշտ կգամ Հայաստան, միշտ կփորձեմ պայքարել, որ Հայաստանի վիճակը բարելավվի:
– Ինչո՞վ եք հիմա զբաղված: Դուք ասում էիք, որ Ֆրանսիայում բիզնեսով կզբաղվեք: Արդեն սկսե՞լ եք:
– Նոր-նոր ենք սկսում պատրաստվել: Քաղաքապետի հետ պետք է հանդիպեմ, նա խոսք է տվել օգնել ինձ: Այստեղ իմ ընկերները քաջալերում են ինձ, որ Փարիզում սրճարան բացեմ: Բայց մինչ այդ, ես դեռ այս ամսվա վերջ կամ հաջորդ ամսվա սկզբին պետք է գամ Հայաստան:
– Աշխեն, Դուք այս քաղաքականությունը սփյուռքահայերի դեմ միտումնավոր քաղաքականությո՞ւն եք համարում, ինչպես Նարեկ Հարթունյանի, Էդմոն Խուդոյանի և մյուս սփյուռքահայերի նկատմամբ եղավ, թե՞ իշխանության ներսում իրար հետ ինչ-որ բան կիսելու հարցեր կան:
– Հայաստանում համակարգն աշխատում է սփյուռքահայերի դեմ: Մենք` սփյուռքահայերս, շատ ռոմանտիկ մոտեցում ունենք, մեր մտայնությունները շատ տարբեր են: Մենք գալիս ենք, փորձում ներդրում անել, բայց մենք պաշտպանություն չունենք: Օրինակ` ես շատ շուտ բոլորին վստահում եմ, և դա գիտեն օգտագործել Հայաստանում, և այդ ամենն օգտագործվում է սփյուռքահայ ներդրողների դեմ: Ես Նարեկ Հարթունյանի լուրը լսելով` զարմացա, և շատ զարմանալի և մեծ զուգադիպություն էր, երբ պարզեցի, որ իր և իմ հաշվապահական տնօրինություններով նույն հաշվապահական ֆիրման է զբաղվում, որի պատճառով այդքան մեծ ակտ գրեցին մեզ վրա: Մենք պետք է Նարեկի հետ շարունակենք պարզաբանել, և մենք պետք է հասկանանք` ինչու, մեզ համար սա շատ մեծ զուգադիպություն է:
– Եվրոպական դատարա՞ն եք որոշել դիմել Ձեր իրավունքների ոտնահարման համար:
– Այո՛, անպայման: Հենց առաջին և երկրորդ ատյանի դատարանների պատճառով: Ես ամուսնական պայմանագիր ունեմ, և հենց այդ փաստը դատավորները անտեսեցին, և դա առիթ տվեց, որ իմ ամբողջ ունեցվածքը վերցնեն ու տան նախկին ամուսնուս… Ես սա անպայման կանեմ:
– Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր նախկին ամուսինը խանգարեց Ձեր գործունեությանը:
– Այո՛, գիտեք, թե նա ինչքան մոտ է մեր իշխանությունների համար, դրա համար նա շատ բան շահեց: Դատավորների սխալ որոշմամբ ամբողջ ունեցվածքը նա վերցրեց, և ինձ մնաց «Փարիզյան սուրճը»` պարտքերով:
– Գիտեմ, որ առաջին երկու նախագահների տիկինները Ձեզ հետ լավ հարաբերությունների մեջ են եղել: Վերջին տիկնոջ մասին կարո՞ղ եք նույնը ասել և արդյոք նա որևէ կերպ փորձե՞ց Ձեզ հետ կապ հաստատել:
– Տիկին Ռիտան, երբ 2008-ին երկրում արդարադատության դեմ նամակ ուղղեցի, ինձ ընդունեց, բայց որևէ կերպ չփորձեց աջակցել, հանգստացնել: Այդ նամակն իրենք լավ չընդունեցին, բայց ես շատ ճիշտ նամակ էի գրել, և ինձ թվում է, որ սա այն հարցն էր, որ մեր ղեկավարությունը երեք տարի առաջ պետք է արդեն հասկանար` արդյոք իրենց արդարադատությունը ճի՞շտ է աշխատում, թե՞ սխալ: Եվ արդյոք այդ արդարադատությունը տալի՞ս է այդ վստահությունը, որ սփյուռքահայությունը գա և ներդրում անի, ներդնի իր ունեցվածքը և իր ուժերը:
– Տիգրան Սարգսյանի և իշխանության այլ գործիչների շուրթերից հաճախ է հնչում առաջադիմության, եվրոպական արժեքների, եվրոպական ընտանիքին ինտեգրվելու մասին: Հիմա երբ հեռվում եք և տնտեսական ոչինչ չի կապում Հայաստանի հետ, ի՞նչ կարող եք ասել այս մասին:
– Դրանք սուտ խոսքեր են: Facebook-ով մեկը վերջերս գրել էր` չեք կարող սուս մնալ, անընդհատ խոսում եք, հեռանում եք` դե հեռացեք: Այո՛, ես հեռանում եմ, բայց հեռանալիս ուզում եմ, եթե նույնիսկ 0,1 տոկոս կարող եմ օգնել, պետք է ասեմ, որ ավելի զգույշ լինի ղեկավարությունը և հասկանա, որ եթե սփյուռքահայությունը լքում է Հայաստանը տխուր և ստիպված, պետք է օգնել: Եվրոպական մոտեցում Հայաստանում ընդհանրապես չկա: Ես մինչև հիմա դա չեմ տեսնում, ո՛չ հարկայինի մոտեցումը, ո՛չ արդարադատության մոտեցումը, ո՛չ նախարարների մոտեցումը եվրոպականին մոտ չէ: Եթե պարոն Տիգրան Սարգսյանը կարող է առանց իմանալու իրադարձությունը, յոթ րոպե խոսել և ասել իր խոսքում, որ ես գնում եմ Հայաստանից, որ խուսափեմ հարկերից… Այո՛, գործընկերների մեջ խնդիր եղել է, բայց արդյոք ձեր արդարադատությունը ճի՞շտ որոշում է կայացրել, որ խնդիրը լուծի: Այսօր այստեղ լուրերով լսում եմ, որ եթե որևէ ֆիրմա ճգնաժամի մեջ է (այսօր աշխարհը ճգնաժամի մեջ է), պետությունը ամեն ինչ անում է, որ այդ հիմնարկների, աշխատողների հետ լուծում գտնի: Ինձ համար ոչ մի նախարարություն կամ ղեկավարություն Հայաստանում որևէ բան չարեց: Ա՞յդ է իրենց եվրոպական մոտեցումը: Ես չեմ ասում, որ Եվրոպան իդեալական երկիր է, որ իրենց ամեն ինչը պետք է կրկնել, բայց դեմոկրատիայի ուղղությամբ չեմ տեսնում Հայաստանում որևէ եվրոպական մոտեցում, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքացիական մոտեցում, արդարադատության և հարկային մոտեցումը ճիշտ չէ: Հուսամ, որ այդ ամենը երբևէ կլինի:
– Աշխեն, Դուք Ձեր քաղաքական հայացքներով ընդդիմադիր եք եղել, մասնակցել եք ցույցերի, երթերի, հնարավո՞ր է մի ընդդիմադիրից փորձեցին ազատվել:
– Ազատ խոսողը միշտ խանգարում է: Իբրև ֆրանսահայ` ես իրավունք չունեի քվեարկելու Հայաստանում, բայց իբրև մարդ` ես իրավունք ունեի բողոքելու, արտահայտվելու: Ինձ որևէ մեկը չէր կարող արգելել մասնակցել երթերի կամ ցույցերի, և կշարունակեմ մասնակցել, եթե պետք լինի: Ես այդքան էլ մեծ մարդ չէի, որ իրենց խանգարեի, ուղղակի իմ բնավորությունը իրենց խանգարում է: Ենթադրում եմ, որ խանգարում ենք թե՛ ես, թե՛ ձեզ պես լրագրողները:








































