Իրանի դեմ վերջին զարգացումները Արևմուտքի տրամադրությունների տրամաբանական հետևանքն են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
«Արևմուտքին ձեռնտու չէ, որպեսզի ի դեմս Իրանի` տարածաշրջանում հզոր երկիր լինի: Սա կնշանակի նույն Արևմուտքի ներկայության թուլացում: Միաժամանակ, Իրանն ու Արևմուտքը ներկայումս կարծես սեփական ուժերի փորձարկումներ են անում: Սակայն զինված հակամարտությունը տարածաշրջանի համար կլինի աղետալի:
Նախ` միջազգային շուկայում կրկնակի կբարձրանան նավթի գները: Բացի այդ, ռազմական բախումը ձեռնտու չէ ոչ Եվրոպային, ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Չինաստանին: Իհարկե, տարածաշրջանն անկանխատեսելի է, և չի կարելի հարյուր տոկոսով բացառել, որ ռազմական գործողություններ չեն լինի, սակայն առավել հակված եմ կարծելու, որ պատերազմ չի լինի: Եթե անգամ ռազմական հարվածներ լինեն, ապա գուցե կետային` օդային ուժերի և Պարսից ծոցի կողմից»,- իր կարծիքը հայտնեց իրանագետը:
Հարցին` ինչպիսի՞ ազդեցություն կունենան Իրանի դեմ ռազմական գործողությունները Հայաստանի վրա, Մհեր Բաղդասարյանը պատասխանեց` Արևմուտքում լավ գիտակցում են, որ չեն կարող ստիպել Հայաստանին` փակել Իրանի հետ սահմանները:
«Մյուս կարևոր հարցն այն է, որ հնարավոր պատերազմի դեպքում մեզ համար լուրջ վտանգ կներկայացնեն նաև իրանցի մեծաթիվ փախստականները»,- ասաց նա:
«Առաջին լրատվական»-ի հարցին` հնարավո՞ր է, որ Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը, իրանագետը պատասծանեց` ոչինչ բացառել չի կարելի: «Սակայն նեղուցի փակումը ձեռնտու չէ Իրանին, եթե, իհարկե, նա չի ուզում ռազմական բախում ունենալ Արևմուտքի և Իսրայելի հետ»:









































