Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը լարվածություններ չի առաջացնի Թուրքիայի հայ համայնքում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալչընը: Նա համոզված է, որ օրինագծի ընդունումը պատճառ չի դառնա, որպեսզի լարվածություն ստեղծվի Թուրքիայի հայ համայնքի շրջանում, քանի որ Թուրքիայի կառավարությունը հասկացել է, որ Թուրքիայի հայ համայնքը ոչ մի ձևով չի կարող ճնշել Եվրամիությանն ու Սփյուռքին:
Նա նաև կարծում է, որ օրինագծի ընդունմամբ չեն վատթարանա թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները, քանի որ վերջերս թուրք բարձրաստիճան զինվորականները մեքենաներ գնեցին Ֆրանսիայից: Արիս Նալչընի համոզմամբ, օրինագիծը կընդունվի, չընդունելու հավանականությունը շատ փոքր է:
Անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին`նա ասաց, որ Ֆրանսիայից հետո այլ եվրոպական երկրներ նույնպես կսկսեն քվեարկության դնել այս օրինագիծը, որովհետև այստեղ խոսքը եվրոպական արժեքների մասին է: «Եվրամիության երկրները փաստաթուղթ են ընդունել: Թղթի մեջ ասվում է, որ որևէ երկրի մեջ ցեղասպանության կամ ազգայնամոլության ձևով, կամ եթե փոքրամասնությունների վրա ճնշում է իրականացվում, պետք է քրեականացվի: Իմ կարծիքով՝ սա այսպիսի հարց է»,- մեկնաբանեց «Ակօս»-ի նախկին խմբագիրը`հավելելով, որ այս օրինագիծը Թուրքիայի կառավարության համար քննություն եղավ, որ նրանք չհասկացան և 10 տարվա ընթացքում կարևորություն չտվեցին այս հարցին: Նա նշեց, որ Ֆրանսիան ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը դեռ 2001 թվականին, և մինչ այսօր Թուրքիայի կողմից քայլեր չձեռնարկվեցին:











































