Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում տղամարդը, որին կասկածել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ, փախել է ոստիկանությունից`սուզվելով ծովը:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին:
Ոստիկանությունում պատմել են, որ 28-ամյա վարորդին կագնեցրել են գիշերը մոտ ժամը 3-ին: Տղամարդը դուրս է եկել մեքենայից, սակայն ոստիկանների հետ չի շփվել: Դրա փոխարեն թողել է մեքենան ճանապարհին, վազել դեպի լողափ և սուզվել ջրի մեջ:
Մեքենայում, սակայն, մնացել է ուղևորը: Նա հայտնել է ընկերոջ տվյալները: Ծովում սկսվել են որոնողական-փրկարարական աշխատանքներ, որին միացել են ափի փրկարարները: Սակայն հարբած վարորդին չեն կարողացել հայտնաբերել: Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցների հետ կապվել են մեքենայի տիրոջ հարազատները և հայտնել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է և նա մտադիր է հանձնվել:







































