Հնդկաստանի մուսուլմանական համայնքի առաջնորդները դիմել են տեղի իշխանություններին` խնդրելով արգելել հնդկական ծագում ունեցող բրիտանացի գրող Սալման Ռուշդիի մուտքը Հնդկաստան: Ռուշդին պետք է Հնդկաստան ժամանի հունվարին` մասնակցելու Ջայպուրում անցկացվող գրականության փառատոնին: Ինչպես հաղորդում է BBC News-ը, իսլամական սեմինարիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունները պետք է չեղյալ համարեն գրողի մուտքի այցագիրը, քանի որ նախկինում «Սատանիստական բանաստեղծությունների» հեղինակը վիրավորել է հավատացյալների զգացմունքները:
Ռուշդիի չորրորդ գիրքը լույս է տեսել 1988 թ. և քննադատաբար է ընդունվել իսլամական աշխարհի կողմից:
Գրողն արձագանքել է հնդիկ մուսուլմանների խնդրանքին Twitter-ի իր բլոգում` նշելով, որ իրեն անհրաժեշտ չէ Հնդկաստանի մուտքի այցագիր, քանի որ ինքը ծնվել է այդ երկրում: Հնդկական իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող խոչընդոտել Ռուշդիի մուտքը երկիր, քանի որ նա ունի հնդկական ծագումն ապացուցող վկայական (PIO):
Սալման Ռուշդին ծնվել է Մումբաիում (նախկինում Բոմբեյ), բայց ապրում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Գրողին մեծ ճանաչում է բերել «Սատանիստական բանաստեղծություններ» ժողովածուն, որն արգելվել է մի շարք երկրներում, ինչպիսիք են Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սինգապուրը և այլ երկրներ:







































