Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Ադենի ծոցում ծովահենները բռնազավթել են նավթաքիմիական նյութեր փոխադրող իրանական մի նավ։ Վերջինս այդ նյութերն իրանական Արվանդ քաղաքից տեղափոխում էր դեպի Աֆրիկա։ Հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվել նավի վրա։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Պենտագոնի ներկայացուցիչ, կապիտան Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ամերիկյան John C. Stennis ավիակիրը, որից Իրանի ռազմական հրամանատարությունը պահանջել էր այլևս չհայտնվել Պարսից ծոցում, Արաբական ծովում ծովահենների կողմից բռնազավթված իրանական նավը փրկելու ժամանակ գերությունից ազատել էր 13 իրանցի ծովայիններին, որոնք ուղարկվել են հայրենիք։
Կիրբին հավելել էր, որ ավիակրի անձնակազմը գերի էր վերցրել 15 ծովահենների, որոնք ենթադրաբար սոմալեցիներ են։








































