Հունվարի 8-ին Շվեյցարիայի Լուգանո քաղաքում 83 տարեկանում մահացել է հանրահայտ դաշնակահար Ալեքսիս Վայսենբերգը, որին անվանում են նախորդ դարաշրջանի խոշորագույն կատարողներից մեկը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, Վայսենբերգը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Երաժիշտը ծնվել է 1929 թվականին Սոֆիայում, հրեական ընտանիքում: Երեք տարեկանից սկսել է նվագել, իսկ ութ տարեկանից Վայսենբերգը նվագել է հանրության առջև:
Տասը տարեկանում երաժշտի ընտանիքը փորձել է Բուլղարիայից փախչել Թուրքիա, սակայն ֆաշիստները բռնել են նրանց և ուղարկել համակենտրոնացման ճամբար: Երեք ամիս անց Վայսենբերգին բաց են թողել, և նա կարողացել է հասնել Ստամբուլ, այնուհետև՝ Իսրայել:
14 տարեկանում երաժիշտը պայմանագիր է ստորագրել Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
1946 թվականին դաշնակահարը մեկնել է Նյու Յորք սովորելու: Հաջորդ տարի նա հաղթել է Լևենտրիտի անվան մրցույթը: Վայսենբերգը տվել է բազմաթիվ համերգներ, սակայն 1957 թվականին հայտարարել էր իր համերգային գործունեութունը տասը տարով դադարեցնելու մասին: Երաժիշտը բեմ է վերադարձել 1966 թվականին` բացելով Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի սեզոնը:










































