2011թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, խոսելով նվագախմբի անելիքներից ու ծրագրերից, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ահազանգ էր հնչեցրել` հայտարարելով, որ թեև այսօր ունենք լավ նվագախումբ, բայց այն գտնվում է «վերջին ռեսուրսների հիմքի վրա», և որ «մարդիկ գնում են նվագախմբից»:
Նա նշել էր, որ նվագախմբի 10 երաժիշտ արդեն արտասահման մեկնելու ու աշխատելու հրավեր են ստացել ու պատրաստվում են հեռանալ հունվարին նվագախմբից: Բացի այդ, հայտնի է, որ Է. Թոփչյանը արդեն հրավեր է ստացել Իսպանիայի սիմֆոնիկ նվագախմբերից մեկից ու հունվարից որպես գլխավոր դիրիժոր կղեկավարի նվագախումբը:
«Առաջին լրատվական»-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի համակարգող Անահիտ Օրդյանից փորձեց ճշտել` ի՞նչ քայլեր են ձեռնարկվում երաժիշտների արտագաղթը կանխելու ուղղությամբ, ի՞նչ քայլեր է կատարել Մշակույթի նախարարությունը:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ նվագախմբում ամեն ինչ կարգին է, և դեռ որևէ երաժիշտ չի լքել նվագախումբը: «Միայն 3-4 երաժիշտ են բանակցություններ վարում ներկայում»,- հայտնեց նա:
Ի դեպ, այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիմոնյանը կհանդիպի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:









































