Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, ապա մեզ համար այն Հայրենիք է.Քաջարանի գյուղապետ

Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել բոլոր այն մարդկանց, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին, լրատվամիջոցներին, ովքեր Քաջարան գյուղի համար դժվարին այս օրերին նեցուկ եղան, աջակցեցին մեզ’ զավթիչներից գյուղը պաշտպանելու ազգային և հայրենասիրական գործում: Մենք հույս ունենք, որ այդ աջակցությունը շարունակություն կունենա մինչև խնդրի հաղթական լուծումը:

Այսօր ուզում եմ անդրադառնալ ևս մի քանի հարցի, որոնք հրատապ են պայքարի ներկա փուլում:

1. Գյուղի տարածքը Քաջարանի կոմբինատին տալու կողմնակիցները հաճախ են շեշտում «հանրային գերակա շահ» հասկացությունը: Մինչև հիմա, սակայն, ոչ ոք չի փորձել պարզաբանել, բացատրել այդ բառակապակցության իմաստը: Հիմա ուզում եմ վերջնականապես հասկանանք, թե ինչ է նշանակում «հանրային գերակա շահ»:

Ուրեմն’ կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին’ մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը: Եկենք որոշենք’ սահմանային Քաջարան գյուղն է գերակա շահ մեր երկրի համար, թե մի քանի հոգու (որոնց անունները գաղտնի են պահվում հանրությունից) անձնական շահը:

Հանրային գերակա շահի մասին խոսելիս հաճախ են մեզ հիշեցնում, թե դրա արդյունքում պետական բյուջե ավելի շատ փող կմտնի: Դե իհարկե պիտի դրանից հարկերի չափն ավելանա: Մի՞թե հարկեր վճարելն էլ ուզում են բարեհոգություն համարել: Բյուջեի փողի նպատակն էլ ի վերջո պետք է սահմանամերձի ամրացումը լինի: Եթե բյուջեում փող ունենք, իսկ սահմանում’ լքված գյուղեր, ապա ո՞ւմ է պետք այդ բյուջեն:

Ելնելով վերը ասվածից, մեկ անգամ ևս հայտարարում եմ’ գերակա հանրային շահը նախ և առաջ սահմանային գյուղի պաշտպանությունն ու ամրապնդումն է: Այլ գերակա շահ չեմ պատկերացնում:

2. Վերջին ամիսներին մոդայիկ է դարձել մայրաքաղաքից որոշ պաշտոնյաների’ Քաջարան գյուղ գալ-գնալը: Եվ բոլորն էլ միաբերան, այցի ավարտից հետո հայտարարում են, թե Քաջարան գյուղում ընդամենը մի քանի ընտանիք է ապրում: Մաքսիմ Հակոբյանը Նոր տարվա նախօրյակին հայտարարեց, թե տասներկու ընտանիք է ապրում գյուղում: Այդ կարգի հայտարարությունները ոչ միայն սուտ են ու զրպարտչական, այլև ամոթալի հենց Մաքսիմ Հակոբյանի համար: Եթե իսկապես Քաջարան գյուղում ընդամենը տասներկու ընտանիք է ապրում, ապա առաջին հերթին դրանից պետք է ամաչի կոմբինատի տնօրենը: Նրա և մյուս պրոպագանդիստների հորինած տեղեկատվությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ տարիներ շարունակ այնքան է անտեսվել Քաջարան գյուղի շահը, որ մարդկանց մի մասը հեռացել է այնտեղից: Եթե մենք մի քիչ բարոյականություն ունենանք, ապա պետք է գյուղում ապրողներին խրախուսենք, մարդկանց պատճառած ամենօրյա վնասը փոխհատուցենք, այլ ոչ թե մնացածներին վարկաբեկենք, ահաբեկենք ու քշենք գյուղից:

3. Նոր տարվա նախօրյակին Կապանի տեղական հեռուստատեսությամբ երկար լռությունից հետո ելույթ է ունեցել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը. աչքներս լույս: Նրա ելույթը լսելուց հետո ևս մեկ անգամ եզրակացրեցինք, որ Հայրենիքի նրա ընկալումը և մեր պատկերացումն իրար հետ ոչ մի կապ չունեն: Այդ ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք պայքարում ենք սահմանային Քաջարանի լինելության, մեր պետության հարավային սահմանների ամրապնդման համար, իսկ Մաքսիմ Հակոբյանը և իր ծպտյալ գործընկերները պայքարում են իրենց, իրենց անհամար եղբայրների ու զավակների, իր’ կասկածելի դավանանքի տեր տեղակալների ու օգնականների հարստացման համար: Պետական գերակա շահի անունից խոսող այդ մարդիկ նույնիսկ իրենց զավակներին բանակ չեն ուղարկել, իրենց հայրենի գյուղում թիկնապահներով են շրջում և օրերով փակվում Քաջարանից դուրս գտնվող իրենց պալատներում:

Նրանք խոսում են գյուղին իբր մի քանի միլիոն դրամ տալու մասին, իսկ իրենցից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը միայն կազմում է մի քանի միլիոն դրամ, որոշներինը’ մի քանի տասնյակ միլիոն դրամ, երբ նույն կոմբինատի բազմաթիվ աշխատողների ամսական միջին աշխատավարձը մոտ 80-90 հազար դրամ է: Այդ մարդիկ շատ վաղուց պետական ու հանրային շահը շփոթում են անձնական շահի հետ: Եթե չեք հավատում, ապա հաշվեք-հաշվարկեք, թե կոմբինատի’ այսպես կոչված «արբանյակ» ձեռնարկություններից քանիսն են պատկանում Մաքսիմ Հակոբյանին ու նրա մերձավորներին, փորձեք ճշտել, թե տարեկան քանի միլիարդ դրամ է փոխանցվում հորինված այդ ձեռնարկություններին: Այնպես որ Մաքսիմ Հակոբյանի և մեր պատկերացրած Հայրենիքը միանգամայն տարբեր հասկացություններ են: Ուրեմն’ գյուղի ճակատագրի շուրջ Մաքսիմ Հակոբյանի և նրա ծառաների հետ բանակցելն անլուրջ գործ ենք համարում, ինչի համար և վաղուց հրաժարվել ենք այդ բանակցություններից:

4. Ինչպես գիտեք, օրեր առաջ հրաժարականի դիմում էի ներկայացրել տարածքային իշխանությանը: Տեղյակ եմ պահում, որ այդ դիմումը ընթացք չի ստացել, դեռևս ուժի մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության կառավարությունը չի հրաժարվել հայտնի հակազգային որոշումից:

5. Վերջին շրջանում կոմբինատի պաշտոնյաների կողմից համառորեն կեղծիքներ են տարածվում այն մասին, թե իբր Քաջարան գյուղի բնակիչները 1968թ. հայտնի երկրաշարժից հետո փոխհատուցում են ստացել: Հայտարարում եմ’ դա զրպարտություն է: Այն ժամանակ պետության կողմից մասնակիորեն փոխհատուցվել են երկրաշարժի պատճառած վնասները, և երբեք խոսք չի եղել մարդկանց տների ու ունեցվածքի ամբողջական փողհատուցման մասին: Ավելին, մոտ 50 տարի փայտե’ վաղուց փտած տներում մարդկանց պահելը մեծագույն ամոթ է նախ և առաջ կոմբինատի համար:

6. Ուզում եմ հայ հանրությանը տեղյակ պահել, որ գյուղի տարածքի համար վերջին ամիսներին մղվող պատերազմի ընթացքում Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում գյուղի և գյուղացիների հանդեպ, թեև նրանց ահաբեկումներից մենք չենք ընկճվում: Դեռևս երկու տարի առաջ են գյուղի երկու ճանապարհի վրա արգելափակոց դրել և շուրջօրյա հսկողություն սահմանել դեպի գյուղ եկող-գնացողների վրա: Իսկ հիմա Քաջարան գյուղի բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չեն ընդունում’ մարդկանց հուսահատության մատնելու համար:

7. Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին’ իրենց երկրի կառավարության միջոցով ապահովել «Քրոնիմետ մայնին» ընկերության տնօրեն Պիլարսկու այցը Քաջարան գյուղ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այդ ընկերությունն է կոմբինատի գլխավոր սեփականատերը: Գյունտեր Պիլարսկին պետք է բացատրություն տա քաջարանցիներին, թե ինչու են անպայման հավակնում մեր գյուղի տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի ևս 2 դար:

8. Դիմում եմ նաև Հայաստանի կառավարությանը’ վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում’ ամեն օր գյուղի օդային ավազանին և շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող աներևակայելի վնասների համար:

9. Օգտվելով առիթից’ ևս մեկ անգամ ի լուր ամբողջ Հայաստանի, գյուղի ամբողջ բնակչության անունից հայտարարում եմ’ գյուղի տարածքի որևէ մաս «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին տալու շուրջ որևէ զիջում կամ բանակցություն լինել չի կարող: Մեր պայքարը շարունակական է: Դարերի ընթացքում քաջարանցին քանիցս պաշտպանել է իր գյուղն օտար զավթիչներից: Այսօր էլ մենք վճռական ենք մինչև վերջ’ տեր կանգնելու մեր բնօրրանին և դիմագրավելու զավթիչներին: Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող:

Կոչ եմ անում իմ հայ ժողովրդին’ միանալ քաջարանցիների անզիջում պայքարին: Օգտվելով ընձեռված առիթից’ թույլ տվեք շնորհավորել հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ ազգիս համար 2012-ը լինի նվաճումների և հաղթանակների տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում