Իսպանական Iberia ավիաընկերությունը օդաչուների գործադուլների պատճառով այսօր հետաձգել է 109 չվերթ, որի հետևանքով ավելի քան 23 հազար ուղևորներ ստիպված են եղել վերադարձնել տոմսերն ու օգտվել այլ փոխադրամիջոցներից։ Այս մասին, ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ չորեքշաբթի՝ հունվարի 11-ին, կհետաձգվի ևս 104 ներքին չվերթ: Օդաչուների արհմիությունից հայտնել են, որ, ընդհանուր առմամբ, հետաձգվել է 267 չվերթ:
Վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած արդեն երրորդ գործադուլի պատճառը ավիաընկերության ղեկավարության՝ նոր բյուջետային ավիաընկերություն ստեղծելու որոշումն է: Ավելի վաղ ավիաընկերության օդաչուները գործադուլներ էին հայտարարել դեկտեմբերի 18-ին և 29-ին: Վերջին գործադուլի ժամանակ 329 չվերթներից հետաձգվել էր 118-ը:
Նոր ստեղծվող ավիաընկերությունը, նախատեսվում է, որ չվերթներ կիրականացնի մոտ և միջին տարածությունների վրա, որը ճգնաժամի պայմաններում հնարավորություն կտա տնտեսել մինչև 100 մլն եվրո տարեկան և հաջողությամբ մրցակցել եվրոպական շուկայի ավիափոխադրողների հետ: Օդաչուների արհմիությունը կարծում է, որ այդ բացատրությունը ճշմարտությանը չի համապատասխանում, քանի որ, նրանց կարծիքով, այն նպատակ ունի կրճատել 5000 աշխատատեղ: Գործակալությունը նշում է, որ նրանք շատ վճռական են տրամադրված և հայտարարում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ակցիաները կշարունակվեն:









































