Ադրբեջանական Salam News գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «կանաչ լույս» է վառել ԵՄ-ի բոլոր երկրներում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման առջև։
Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ եթե այդ նախագիծն օրենքի ուժ ձեռք բերի, ապա ԵՄ-ի բոլոր երկրներում Հայոց ցեղասպանության հերքողները կազատազրկվեն 1-3 տարով։ Նրանք հավելում են, որ Սարկոզին ամեն գնով պայքարում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը դիտարկելու է հունվարի 24-ին, ինչի կանխման համար Ֆրանսիա է վերադարձել այդ երկրում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն։







































