Aran News-ի փոխանցմամբ, Թավրիզի իսլամական համալսարանի պրոֆեսոր Ազադ Մյուվասիգին «Կասպից ծովի իրավական ռեժիմը» գիտական նիստում հայտարարել է, որ Ժնևյան կոնվենցիայի հիման վրա Կասպիցում Իրանի մասնաբաժինը կազմել է 50 տոկոս.
«Կասպից ծովի վրա չի տարածվում 1982 թվականին ՄԱԿ-ի ընդունած ծովային իրավունքի կոնվենցիան, և այդ պլանում բոլոր գործողություններն իրականացվում են Իրանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Կասպիցում իրանական ափի ձգվածությունը կազմում է 640 կիլոմետր։ 1921 թվականին կնքված պայմանագրով Իրանն իրավունք ունի ռազմանավեր կենտրոնացնել Կասպիցում»։
Հիշեցնենք, որ եթե Կասպիցը ստանա ծովի կարգավիճակ, ապա նրա վրա պետք է տարածվեն 1982 թվականի ծովային կոնվենցիայի դրույթները. կասպյան յուրաքանչյուր երկիր սուվերեն իրավունքներ ձեռք կբերի 12 մղոնանոց տարածքային ջրերի (մայրցամաքային շելֆ) և 200 մղոնանոց բացառապես տնտեսական գոտու (ԲՏԳ) վրա:
Քանի որ Կասպիցի առավելագույն լայնությունը չի գերազանցում 200 ծովային մղոնը, ԲՏԳ-ի արտաքին սահմանները պետք է որոշվեն միջին գծի սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ Կասպիցի բաժանումն անհրաժեշտ է իրականացնել հյուսիսից հարավ:
Միջին գծի սկզբունքի հաստատման դեպքում Ռուսաստանին բաժին է ընկնում Կասպիցի տարածքի 18.7%-ը, Ղազախստանին` 29.6%-ը, Ադրբեջանին` 19.5%-ը, Թուրքմենստանին` 18.4%-ը, Իրանին` 13.8%-ը:
Ռուսաստանը դեմ է Կասպիցին ծովի կարգավիճակ տալուն, քանի որ այդ դեպքում Վոլգա-Դոն և Վոլգա-Բալթիկ ջրանցքները, որոնք համարվում են ներքին ռուսական ջրավազաններ, պետք է դառնան միջազգային ջրեր, իսկ դա լրջորեն հակասում է Ռուսաստանի շահերին ու անվտանգության խնդիրներին:
Դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունը ազգային սեկտորների հիման վրա իրականացրել է Կասպիցի բաժանման պրակտիկան: Համաձայն այդ բաժանման՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի մոտ 70.000 քառ. կմ, Թուրքմենստանին` 80.000 քառ. կմ, Ռուսաստանին` 60.000 քառ. կմ, Ղազախստանին` 105.000 քառ. կմ և Իրանին` 55.000 քառ. կմ:
Ներկայումս Կասպից ծովի կարգավիճակը կանոնակարգվում է 1921 թվականի փետրվարի 26-ին ՌՍՖՍՀ-ի ու Պարսկաստանի և 1940 թվականի մարտի 25-ին ԽՍՀՄ-ի ու Իրանի միջև կնքված պայմանագրերով։








































