Դուք երբևէ Նոր տարուն խոստումներ տվե՞լ եք: Հնարավոր է` դուք որոշել եք բարելավել ձեր ֆիզիկական առողջությունը, նիհարել, ինչ-որ բանի համար գումար տնտեսել կամ ավելի քիչ ալկոհոլ օգտագործել: Կամ էլ, միգուցե, ձեր որոշումն ավելի այլասիրական է եղել՝ օգնել կարիքավորներին կամ կրճատել ձեր գործունեության արդյունքում ածխաթթվի երկօքսիդի արտանետումների ծավալը:
Բայց կատարո՞ւմ եք, արդյոք, ձեր պարտավորությունները:
2012 թվականը դեռ նոր սկսվում է, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ Նոր տարուն խոստումներ տվածների գրեթե կեսը կարող են դրանք կատարել գոնե մեկ ամսվա ընթացքում: Ի՞նչ է դա ասում մեզ մարդկային էության ու ողջամիտ ապրելու հնարավորության կամ բարոյականության պահանջները պահպանելով ապրելու մասին:
Խնդիրն այն է, որ մենք որոշում ենք ընդունում անել այն, ինչն, այլ դեպքում, չէինք էլ անի: Միայն ստամոքսի հիվանդությամբ տառապողը կորոշեր շաբաթը մեկ անգամ պաղպաղակ ուտել կամ` աշխատամոլը ավելի երկար ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջև: Դրա համար էլ մենք օգտագործում ենք նոր տարվա տոները՝ փորձելու փոխել վարքագիծը, որ, թերևս, ամենադժվարն է փոխել: Արդյունքը, ամենայն հանավականությամբ, կձախողվի:
Այդուհանդերձ, մենք խոստանում ենք, քանի որ որոշել ենք, որ ավելի լավ կլիներ այդպես անել: Բայց եթե մենք արդեն խոստում ենք տվել, ինչո՞ւ պարզապես չանենք դա: Սկսած Սոկրատեսից՝ այդ հարցը փակուղի է մտցրել փիլիսոփաներին: «Պրոտագորում»՝ Պլատոնի երկխոսություններից մեկում Սոկրատեսն ասում էր, որ ոչ ոք չի ընտրում ինչ-որ բան, եթե գիտի, որ դա վատ է: Հետևաբար, վատի ընտրությունը յուրօրինակ սխալ է. մարդիկ կանեն այն, ինչ գիտեն, որ լավ է: Բայց այդ դրույթը դժվար է գիտակցել, ավելի դժվար է, քան ուտել թխվածքի հավելյալ կտորը, որը, գիտենք, որ վնաս է մեզ:
Արիստոտելն այդ հարցում այլ կարծիք ուներ, որն ավելի մոտ է մեր ամենօրյա փորձին, երբ չի ստացվում անել այն, որը, մեր կարծիքով, ավելի լավ կլիներ անել: Արիստոտելի կարծիքով` մեր գիտակցությունը կարող է ասել, թե որն է ավելի ճիշտ, սակայն որոշակի պահի մեր գիտակցությանը գերազանցում են զգացմունքներն ու ցանկությունները: Այսկերպ, խնդիրը ոչ թե գիտելիքների բացակայությունն է, այլ մեր գիտակցության անկարողությունը իրեն ենթարկել այլ, մեր բնության ոչ ռացիոնալ գործոնները:
Այդ տեսակետն ապացուցում են վերջին գիտական հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ հիմնականում մեր պահվածքը հիմնված է ոչ շատ արագ, բնազդային, զգացական հակազդեցությունների վրա: Թեև մենք ունակ ենք որոշումներ ընդունել, թե ինչ է անհրաժեշտ անել ռացիոնալ, մտածմունքային գործընթացների հիման վրա, այդ որոշումները, երբ պետք է մեզ դրդեն գործողությունների, ավելի պակաս համոզիչ են դառնում, քան մեր բնազդային զգացմունքները:
Ի՞նչ կապ ունի դա խոստումների կատարման հետ: Ռիչարդ Հոլթընը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսորն ու Willing, Wanting, Waiting գրքի հեղինակը նշում է, որ որոշումը փորձ է հաղթահարել մտադրության պահպանման խնդիրը, երբ մենք ակնկալում ենք, որ ապագայում՝ ինչ-որ պահի կբախվենք մեր մտադրությանը հակասող նախասիրությունների հետ: Մենք հենց հիմա ցանկանում ենք քաշ գցել և բանականորեն համոզված ենք, որ դա ավելի կարևոր է, քան թխվածքի լրացուցիչ կտորից ստացած հաճույքը: Բայց մենք կանխատեսում ենք, որ եթե վաղը բախվենք թխվածքի հետ, այդ շքեղ շոկոլադե արտադրանքն ուտելու մեր ցանկությունը կաղավաղի մեր մտադրությունն այնպես, որ կարող ենք մեզ համոզել, թե քաշի ավելցուկն իրականում մեծ նշանակություն չունի:
Որպեսզի դա տեղի չունենա, մենք փորձում ենք ամրագրել քաշ գցելու մեր ցանկությունը: Հանդիսավոր խոստում տալով և մեր ընտանիքին ու մտերիմներին ասելով այդ մասին՝ մենք կշեռքի նժարը թեքում ենք գայթակղության հակառակ կողմը: Եթե չկարողանանք պահել խոստումը, ստիպված ենք լինելու խոստովանել, որ չենք կարողանում մեր ուզածի պես վերահսկել մեր վարքը` վարկաբեկվելով սեփական և այն մարդկանց աչքերում, որոնց կարծիքը կարևոր է մեզ համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի










































