Չինաստանում սկսվել է տեղի ինժեներների կողմից ծանր ուղղաթիռի արտադրությունը: 13 տոննայանոց АС 313 ուղղաթիռը լինելու է ամենախոշորը Ասիայում արտադրվող ուղղաթիռների շրջանում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ ծանր ուղղաթիռներ կարող էին արտադրել միայն ամերիկյան, եվրոպական և ռուսական ընկերությունները:
Նոր չինական ուղղաթիռի ամբողջական տեխնիկական բնութագրիչների մանրամասները դեռ չեն բացահայտվում: АС 313-ը լուծելու է լուրջ խնդիրներ. անտառային հրդեհների մարում, ծովում փրկարարական աշխատանքներ, բեռների փոխադրում դժվարմատչելի շրջաններում: Ուղղաթիռի մշակման ժամանակ ուշադրության են արժանացրել բարձր լեռնային շրջաններում աշխատելու կարողությունը, քանի որ Չինաստանի տարածքի մոտ մեկ չորրորդը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա:
Այսպիսի սարքավորման պահանջը զգացվել է 2008 թվականին Սիչուան մարզում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել էր 80 հազար մարդ:









































