Դերասան Մեթ Դեյմոնը հրաժարվել է աշխատել սեփական ռեժիսորական դեբյուտի վրա: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, նման որոշման պատճառը դերասանի ազատ ժամանակի բացակայությունն է, որի պատճառով չի կարող կյանքի կոչել իր կինեմատոգրաֆիական գաղափարները:
Լուրն այն մասին, որ Դեյմոնը մտադիր է հանդես գալ որպես ռեժիսոր, հայտնի էր դարձել 2011 թվականի ամռանը: Այդ ժամանակ հաղորդվում էր, որ դերասանի նախագծով զբաղվելու է Warner Bros. ստուդիան: «Էրին Բրոկովիչի» ոգով ֆիլմի սցենարը Դեյմոնը գրել է իր գործընկեր Ջոն Քրասինսկիի հետ: Դեյմոնը մտադիր էր նաև հանդես գալ որպես ֆիլմի պրոդյուսեր և խաղալ գլխավոր դերերից մեկը:
The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, թեև Դեյմոնը հրաժարվել է դեբյուտային ֆիլմի բեմադրումից, սակայն մտադիր է շարունակել աշխատել ֆիլմի վրա և գլխավոր դերերից մեկը խաղալ: Մանրամասները, թե որտեղ են տեղի ունենալու նկարահանումները, հատնի չեն: Քրասինսկին և Warner Bros.-ը նույնպես մեկնաբանություն չեն տվել նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ: Թե ով է լինելու ֆիլմի ռեժիսորը՝ նույնպես հայտնի չէ:









































