Ամերիկուհի Կարմեն Թիշին մեղադրանք է ներկայացվել նկարիչ-աբստրակցիոնիստ Քլիֆորդ Սթիլի 1957-J no.2 կտավը վնասելու համար: Այն ցուցադրվում էր Դենվերում` Սթիլի թանգարանում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Կոլորադո նահանգի իշխանություններին, վնասը գնահատվում է 10 հազար դոլար:
Գործակալության տվյալներով, Թիշը բռունցքներով հարձակվել է 30 միլիոն արժողությամբ նկարի վրա, այնուհետև սկսել է ճանկռոտել այն, որից հետո հանել է տաբատը և հետույքով սկսել կտավը տրորել:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին, սակայն Կարմենին մեղադրանք է ներկայացվել հունվարի 4-ին: Նա ազատ է արձակվել 20 հազար դոլար գրավի դիմաց:
Քլիֆորդ Սթիլի թանգարանը բացվել է 2011 թվականի նոյեմբերի 18-ին: Այնտեղ ցուցադրվում է Սթիլի աշխատանքների ավելի քան 94 տոկոսը. այն գործերը, որոնք նա գերադասել է չվաճառել: