Eastman Kodak ընկերությունը մոտ օրերս հայտարարություն է տալու վարկատուներից պաշտպանվելու մասին (ԱՄՆ օրենսգրքի 11 հոդված` սնանկացում): Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով մի քանի անանուն աղբյուրների:
Պարբերականի տվյալներով՝ ընկերության ղեկավարները դեռ հնարավորություն ունեն խուսափելու սնանկացման գործընթացից, սակայն Kodak-ում սկսել են պատրաստվել օրենսգրքի 11 հոդվածի կետերին: Մասնավորապես, ընկերությունը բանակցություններ է վարում մի քանի բանկերի հետ` գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ սնանկացման մասին հայտարարվելու է փետրվարի սկզբին: Ընկերությունում մեկնաբանություն չեն տալիս այս հարցի վերաբերյալ:
11-րդ հոդվածի պաշտպանության տակ ընկերությունը կարող է աշխատել և հաճախորդների հանդեպ կատարել իր պարտականությունները: Այնուամենայնիվ, Kodak-ը մտադիր է կենտրոնանալ 1,1 հազար արտոնագրերի վաճառքի վրա: Նման դեպքում հարցականի տակ է դրվում ընկերության ապագան, որտեղ աշխատում է 19 հազար մարդ:
Kodak-ն արդեն մի քանի տարի է՝ համարվում է կորուստներ ունեցող ընկերություն, այդ պատճառով բորսայում նրա բաժնետոմսերը անընդհատ էժանանում են:
Ընկերության ֆինանսական դժվարությունների մասին լուրերը սկսել էին տարածվել 2011 թվականի վերջից: Այսպես, հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Kodak-ը փորձում է ստանալ 900 միլիոնի լրացուցիչ ֆինանսավորում:









































