Ռուսաստանը գտել է Հայաստանի վրա ներազդելու թե քաղաքական, թե տնտեսական և թե ռազմական հնարավորությունները և այդ հնարավորություններն իր ձեռքում կպահի. ներազդեցության որևէ նոր թափ, նոր ձևեր առայժմ չեն երևում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը որոշակի ազդեցություն ունենալ հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա:
«Ես չեմ համարում, որ Ռուսաստանի՝ Հայաստանի վրա մինչ այժմ ունեցած ազդեցությունը կարող է երբևէ փոխվել: Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կամ թուլացումը պայմանավորում եմ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Ինչքան ավելի Հայաստանը հեռանա եվրոպական չափանիշներից, այնքան ավելի կդառնա Ռուսաստանի ֆորպոստը: Եվ հակառակը՝ որքան Հայաստանն ինքնուրույն և եվրոպական պետություն լինի, այնքան Ռուսաստանի ազդեցությունը կթուլանա»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:








































