Կատարի վարչապետ շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ-Թանին Սիրիայի իրավիճակը կարգավորելու համար օգնության խնդրանքով դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը, քանի որ, նրա կարծիքով, այստեղ եկած Արաբական երկրների լիգայի դիտորդները «սխալներ են թույլատրել»: Ստեղծված պայմաններում Կատարի վարչապետը խիստ անհանգստացած է Սիրիայի ընդդիմությունից ստացվող նորություններով, ըստ որոնց՝ իշխանությունները փորձում են խաբել դիտորդներին: Այս մասին, ինչպես հաղորդում է France 24 հեռուստաալիքը, Կատարի վարչապետը զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
«Մենք ՄԱԿ-ի օգնության և անփոխարինելի փորձի կարիքն ունենք: ԱԵԼ-ն առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում և, ցավոք, սխալներ է թույլատրում»,- ասել է Ալ-Թանին, որը գլխավորում է Սիրիայի հարցով ԱԵԼ խումբը: Սակայն նա չի նշել, թե կոնկրետ ինչ սխալների մասին է խոսքը: Շեյխը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել են այն գործնական օգնության մասին, որը կարող է տրամադրել կազմակերպությունը ԱԵԼ դիտորդներին:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հաղորդում էին, որ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը փորձում է մոլորության մեջ գցել ԱԵԼ դիտորդներին:









































