Այսօր Վրաստանի Վերահսկիչ պալատում սկսել է գործել նոր ծառայություն, որն իրականացնելու է քաղաքական կուսակցությունների ֆինանսական մոնիթորինգ. փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել:
Կուսակցություններին արդեն ուղարկվել են հատուկ ձևեր, որոնց միջոցով նրանք պետք է հաշվետվություն ներկայացնեն Վերահսկիչ պալատին:
Այդ ծառայությունը կղեկավարի Նաթիա Մոգելիձեն: Նա արդեն ներկայացրել է լրացման ժամանակացույցը: Առաջին հաշվետվությունները պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 1-ը: Կուսակցությունները պետք է ներկայացնեն նվիրատվությունների վերաբերյալ հաշվետվություններ, որոնց նվազագույն չափը հինգ հազար լարի է:
Այս պահին Վրաստանում գրանցված են 210 քաղաքական միավորումներ, սակայն Վերահսկիչ պալատը հետաքրքրված է միայն այն կուսակցություններով, որոնք ֆինանսավորվում են բյուջեից:
Նախօրեին Վրաստանի Վերահսկիչ պալատը համաձայնագիր է կնքել Ազգային բանկի հետ, որը Վրաստանի կուսակցությունների գործունեության վերաբերյալ պետք է ներկայացնի ֆինանսական անհրաժեշտ փաստաթղթերը:








































