Հարավային Օսիայում և Աբխազիայում ԵԱՀԿ առաքելության վերականգնումը անչափ կարևոր է Վրաստանի կառավարության համար: Այս մասին Թբիլիսիում լրագրողներին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգի Կապանաձեն:
Փոխնախարարը նշել է, որ երկրորդ ամենակարևոր հարցը, որի ուղղությամբ կընթանան աշխատանքներ, օկուպացված տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգն է:
«Նաև կակտիվանա աշխատանքը` կապված փախստականների հետ: Անցյալ տարի մեզ հաջողվեց ԵԱՀԿ-ում փախստականների թեման ավելի հրատապ դարձնել: Ցավոք, մինչ այժմ այս թեմայով առանձնապես չեն հետաքրքրվում»,- ասել է Կապանաձեն:
Նոր տարվանից սկսած` ԵԱՀԿ նախագահող երկիր է դարձել Իռլանդիան: Պաշտոնական Դուբլինն արդեն իսկ հայտարարել է, որ իր առաջնահերթություններից է սառեցված հակամարտությունների կարգավորումը:









































