Խորհրդարանի 2012 թվականի ընտրությանն ընդառաջ, խոսակցությունները չեն դադարում գալիք խորհրդարանում մականունավորների և օլիգարխների թիվը նվազեցնելու իշխանության մտադրության մասին: Ավելին, իշխանության տարբեր պաշտոնյաներ, տարբեր առիթներով նույնիսկ բացահայտ են խոսել այդ ուղղությամբ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ծրագրերի մասին: Փաստորեն ստացվում է, որ իշխանությունը ցանկանում է որոշակիորեն փոխել խորհրդարանի տեսքը, այսպես ասած քաղաքակիրթ, ինտելեկտուալ տեսք տալ խորհրդարանին:
Բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք օլիգարխները, մականունավորները, որոնք ընտրական գործընթացներում իշխանության ծանր հրետանին են, կհամաձայնեն դուրս մնալ խորհրդարանից: Չէ՞ որ խորհրդարանը նրանց համար անվտանգության մեխանիզմներ է ապահովում: Ուրեմն իշխանությունը պետք է նրանց համար գտնի փոխարինող մեխանիզմներ: Այլապես մականունավորներն ու օլիգարխները չեն ունենա ցանկացած գնով այս իշխանության համար ընտրությունների արդյունք ապահովելու մոտիվացիա, առավել ևս, որ ամեն անգամ ապահովելով այդ արդյունքը, նրանք ավելացնում են իրենց վրա դրված քրեական հանցանքների բեռը, որը իշխանափոխությունից հետո ցանկացած պահի կարող է լուրջ ծանրություն դառնալ նրանց ուսերին:
Օրինակ, կարո՞ղ է արդյոք իշխանությունը Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Գագիկ Ծառուկյանին (որի դեպքն առանձնահատուկ է) և նրանց նման տասնյակ մականունավորների պարտադրել, որ նրանք հենց այնպես հրաժարվեն խորհրդարանական մանդատից: Եթե կարող է, ապա ինչի՞ հաշվին: Նրանց հարցերը միայնակ լուծելը իհարկե տեխնիկայի գործ է, բայց չէ՞ որ մի քանիսի պարագայում նրանք կարող են իրար հետ միանալ և լուրջ խնդիր լինել իշխանության համար:
Ըստ ամենայնի, հենց այդ նկատառումից ելնելով էլ Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ որոշեց ձեռնմուխ լինել թիկնապահների խնդրին: Այսինքն, իշխանությունը դեռ այն մեկ տարի առաջ փորձ էր անում մերկացնել կամ թուլացնել օլիգարխների թիկունքը, որից հետո արդեն կորոշեր, թե ում թիկունքին է պետք հարվածել: Ահա թերևս հենց այս զարգացումը նկատի ուներ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարում էր, որ մի քանի տարի անց իշխանությունը բոմժ է սարքելու այն օլիգարխներին, ովքեր իրենց թիկնազորներով ժողովրդի վրա են հարձակվում հանուն իշխանության վերարտադրության:
Թվում է, թե որևէ վատ բան չկա, եթե օլիգարխներին բոմժ են դարձնելու: Չէ՞ որ նրանք վաստակել են այդ ճակատագիրը, առավել ևս, որ իրենք օլիգարխ են դարձրել, իրենք էլ կուզեն բոմժ կդարձնեն: Իրականում սակայն, իշխանությունն ի դեմս օլիգարխիայի ոչ թե պետության զարգացման խոչընդոտ է վերացնում, այլ վերացնում է իր պոտենցիալ մրցակցին: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն ինքն արդեն ուղղակիորեն իր ձեռքն է վերցնում օլիգարխիայի ֆունկցիան: Իսկ դա արդեն վտանգավոր բյուրեղացում է: Այստեղ սակայն հանրության խնդիրն իհարկե օլիգարխիայի պաշտպան դառնալը չէ: Այստեղ հանրության խնդիրը աչալուրջ լինելն է, որպեսզի օլիգարխիային խժռել պատրաստվող իշխանությունը չկարողանա մարսել կերածը:









































