Գյումրիի անօթևանները այս օրերին ավելի շատ անհանգստացել են վառելիքի մասին, քան Ամանորի: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց «Շիրակ» ՀԿ-ից Վահան Թումասյանը` անդրադառնալով Գյումրիի անօթևանների Ամանորին: Նա նշեց, որ մի շարք ընտանիքների Ամանորի նախօրյակին լայնամասշտաբ օգնություններ են բաժանվել բարեգործական կազմակերպությունների և անհատների կողմից: Վահան Թումասյանն ասաց, որ օգնությունը եղել է հիմնականում սննդի տեսքով:
«Գյումրիում մի քանի կրոնական կազմակերպություն կան, որոնք լայնամասշտաբ օգնություններ են բաժանում, փաստորեն՝ մոտավորապես 1000-1500 ընտանիքի օգնություն է տրամադրվել: Օգնություն է եղել նաև անհատների կողմից»,- ամփոփեց Վ. Թումասյանը:
Ըստ Վ. Թումասյանի՝ այս օրերին ինքը եղել է տնակային ավաններում. անօթևանների խնդիրը հիմնականում վառելիքն է: «Մարդիկ ավելի շատ անհանգստացել են վառելիք հայթայթելու, քան Ամանորյա տոնական սեղան պատրաստելու մասին: Ես մի քանի ընտանիքներում եղել եմ, ուր ամանորյա փոքրիկ, համեստ սեղաններ էին պատրաստել: Բնականաբար, ավելի խուլ ծայրամասերի տնակներում մարդիկ շատ համեստ էին նախապատրաստվել»,- նշեց Վ. Թումասյանը` հավելելով, որ վերջին տարիներին Գյումրիում ձևավորվել է տնակային հոգեբանություն. մարդիկ կարծես համակերպվում են իրենց վիճակին, որը զարմացնում է «Շիրակ» ՀԿ նախագահին:
Նա նույնիսկ նկատել է, որ մարդիկ ուրախություն չեն ապրում բնակարան ստանալիս, քանի որ այդ օգնությունը պետք է տրամադրվեր տարիներ առաջ: Այն մարդիկ, ովքեր շահառու են ճանաչել և գիտեն, որ ընդամենը չորս հինգ ամիս անց բնակարան են ստանալու, նույնպես չեն ուրախանում՝ ըստ Վ. Թումասյանի:
Նա նաև նկատեց, որ, նախորդ տարիների համեմատ, այս տարի մարդիկ մի փոքր ոգևորությամբ են պատրաստվել տոներին: Վահան Թումասյանը ենթադրում է, որ մարդրիկ դեռ չեն կորցրել բնակարաններում ապրելու հույսը:







































