Արաբական երկրների լիգան (ԱԵԼ) խոստովանել է, որ կողմնակի դիտորդների փորձերը՝ դադրեցնել Սիրիայում բռնությունը և անկարգությունները, հաջողությամբ չեն պսակվել:
Ինչպես գրում է The Wall Street Journal թերթը, այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ կազմակերպությունը չի կարողանում կատարել իր վրա դրված դիվանագիտական միջնորդի պարտականությունները:
ԱԵԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին հայտարարել է, որ Սիրիայի խոշոր քաղաքներում դեռ շարունակում են մնալ ցուցարարների վրա կրակող դիպուկահարները: Չնայած նա նշել է, որ դիտորդները դժվարանում են պարզել, թե ում կողմից են նրանք գործում:
Սիրիայի ընդդիմության տվյալներով՝ դիտորդների ժամանումից հետո իշխանությունների կողմից կիրառվող բռնությունը միայն ուժեղացել է: Ըստ նրանց՝ այդ ընթացքում զոհվել է 390 մարդ:
Ակտիվիստները նաև հայտարարել են, որ սիրիական բանակի զրահատեխնիկան դուրս է բերվել քաղաքների բնակելի թաղամասերից, սակայն, ընդհանուր առմամբ, բռնությունը երկրում շարունակվում է:
Ավելի վաղ Արաբական խորհրդարանը՝ ԱԵԼ խորհրդատվական մարմինը, կոչ էր արել դուրս բերել Սիրիայից դիտորդներին, քանի որ Դամասկոսում բռնությունները շարունակվում են:







































