Յուրաքանչյուր եկող տարի իր հետ բերում է նոր սպասելիքներ, ծրագրեր, մտահղացումներ: 2012-ի առաջին լիարժեք աշխատանքային օրը լավ առիթ է` «Առաջին»-ի, նրա առաքելության, արժեքային կողմնորոշումների, ընթերցողների մասին խոսելու համար:
Իհարկե, որևէ լրատվամիջոցի գլխավոր առաքելությունը, հիմնական գործառույթը մարդկանց օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելն է, բազմակարծության ապահովումը, իրադարձությունների անաչառ լուսաբանումը: Այս իմաստով` «Առաջին լրատվական»-ը ամբիոն է տարբեր տեսակետների, դիրքորոշումների համար: Մենք հրապարակել ենք և հետայսու ևս կհրապարակենք ցանկացած քաղաքական կարծիք, եթե նույնիսկ այն չի համընկնում կամ հակառակ է մեր դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որն ընդունակ է տեսակետների բազմազանության մեջ ընտրել ճշմարիտը:
«Առաջին»-ը, մյուս կողմից, ունի հստակ արժեքային կողմնորոշումներ և ըստ այդմ` հայացք քաղաքական գործընթացներին, գնահատական քաղաքական սուբյեկտների վարքագծին: Օրինակ` արժեքների, գաղափարների առումով մենք նույն դաշտում ենք շարժման գաղափարներ հետ, նրանց հետ ենք, ովքեր անկեղծորեն ցանկանում են Հայաստանում փոփոխություններ, նրանց կողքին՝ ում համար ամեն գնով և ամեն ավազակի հետ մեկ ուրիշ ավազակի տապալելու գերխնդիր դրված չէ: Լինել շարժման հետ, նրա կողքին, սակայն չի նշանակում, որ մեր քաղաքական դիրքորոշումները ամբողջապես նույնական են կամ որ` մեզ վերապահված է ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի խոսափողը լինելու դերակատարություն: Եվ հակառակը` մենք ընդդիմադիր ենք գործող իշխանությանը, ինչը, սակայն, չի ենթադրում, որ իշխանության ցանկացած ձեռնարկ անպատճառ պետք է քննադատվի մեր կողմից: Մի խոսքով` «Առաջին»-ը ազատ լրատվամիջոց է, և դրանում է մեր ուժը:
Իսկ ինչպիսի՞ն է մեր պատկերացրած Հայաստանը: Դա երկիր է, որտեղ հիմնական հարստությունը մարդն է, քաղաքացին, ժողովուրդն է իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը: Մեր պատկերացրած Հայաստանում չկան արտոնյալ բիզնեսմեններ և սուպերնախարարներ. քաղաքական և տնտեսական մրցակցությունը այլընտրանք չունի ու զարգացման հիմնական գրավականն է: Տարածաշրջանային համագործակցությունը և անվտանգության միասնական համակարգը Հայաստանի կայուն զարգացման երաշխիք են. ԼՂ խնդրի արագ կարգավորումը ու հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեծապես կնպաստեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը: Հայ-ռուսական ներկա հարաբերությունների վասալային բնույթը մեծապես վտանգում է Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը: Ժամանակն է, որպեսզի Հայաստանի քաղաքական վերնախավը հայտարարի ռուսական ռազմաբազաները մեր երկրի տարածքից հանելու մտադրության մասին:
Մեր կարծիքով` այս մոտեցումները կնպաստեն, որպեսզի Հայաստանը վերականգնի իր անկախությունը, իսկ քաղաքացին` իր ազատությունը:
Արդ, «Առաջին»-ը Հայաստանի Քաղաքացու` այսօրվա և վաղվա արժանապատիվ Հայաստանի գլխավոր հարստության լրատվամիջոցն է:









































