«Ամերիկայի ձայնի»-ի փոխանցմամբ, Իրանի ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ նվազել է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից այս երկրի Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենքը ստորագրելուց երկու օր անց:
Արժույթի վաճառողները երկուշաբթի օրը հայտնել են, որ փոխարժեքները նվազել են՝ մեկ դոլարի դիմաց հասնելով մոտ 17 հազար ռիալի, ինչը ավելի քան տասը տոկոսով պակաս է անցյալ հինգշաբթի գրանցված ցուցանիշներից:
ԱՄՆ-ի կողմից ընդունված պատժամիջոցներն ուղղված են Իրանի կենտրոնական բանկի հետ գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատությունների դեմ, իսկ պատժամիջոցների լրիվ ծավալով իրականացումը կարող է ազդեցություն գործել միջազգային շուկաներում նավթ վաճառելու Իրանի կարողության վրա:
Այս քայլը նպատակ է հետապնդում խոչընդոտել Իրանի կողմից իր միջուկային և հրթիռային ծրագրերին ֆինանսավորում տրամադրելուն:
Գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ Եվրոպական Միությանն այս ամսվա ընթացքում կընդունի լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք կարող են ներառել նաև Իրանից նավթամթերքի ներմուծման արգելքը:








































