Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը բավականին դրական է համարում այն փաստը, որ ողջ 2011-ի ընթացքում Հայաստանն ակտիվորեն աշխատել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Այս մասին նա հայտարարեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Մեր խաղաղապահներն այսօր գտնվում են և Կոսովոյում, և Աֆղանստանում: Խաղաղապահների խմբի թվաքանակը երկու անգամ ավելացել է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բավական ակտիվ է: Սա բավականին բարձրացնում է մեր բանակի մարտունակությունը, թույլ է տալիս ավելի նոր տեխնիկա ձեռք բերել: Մյուս դրական հանգամանքը ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում բավական ակտիվ համագործակցությունն է: Կառույցին Հայաստանի ասոցացված անդամակցության բանակցությունները բավական ինտենսիվ են ընթանում: Շուտով կսկսվեն բանակցություններ վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ: Ակնհայտ է, որ սա բխում է հայ ժողովրդի շահերից՝ ավելի ակտիվ աշխատանք և շփում Եվրոպայի հետ»,- նկատեց քաղաքագետը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ սառեցման գործընթացը ժամանակավոր է, և դրա մեջ Հայաստանը մեղք ընդհանրապես չունի: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա կարծում եմ՝ այս իմաստով իրավիճակն այնքան էլ վատ չէ: ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է, ուրիշ բան է, որ այս տարի Կազանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո բանակցություններն այլևս ակտիվ չեն ընթանում: Միաժամանակ, այն ստատուս քվոն, որ այժմ կա, չեմ կարծում՝ որևէ մեկը համարձակվի խախտել»,- ամփոփեց քաղաքագետը:








































