«Դուք մտածում եք. «Ժամանակները վատացել են, ժամանակները ծանրացել են, ժամանակները դժվարացել են»: Ապրեք բարության սկզբունքներով, և դուք կփոխեք ժամանակը»:
Սուրբ Օգոստինոսի այս խոսքերն ուղղում ենք այն մարդկանց ովքեր իրենց պատասխանատու են զգում այս ժամանակների համար և նաև նրանց, ովքեր իրենց դերն ունեն այս ժամանակաշրջանի կերտման մեջ:
Մեր հոգու ողջ ջերմությունն այն մարդկանց, ում համար Նոր տարին ոչ թե տոն է, այլ անհաղթահարելի հոգս, պատային իրականություն, հուսահալքության հանգրվան: Մենք ուզում ենք այդ մարդկանցից ներողություն խնդրել այս ժամանակների համար:
Համբուրում ենք բոլոր այն երեխաներին, ում ցանկությունները կատարելու Ձմեռ պապիկ չի գտնվելու այս տարի. Ներողություն այդ երեխաներին: Մենք ուզում ենք մխիթարել բոլոր այն ծնողներին, ում աչքը ճանապարհին է` իրենց ղարիբ ամուսինների ու զավակների վերադարձի ճանապարհին. ներողություն նրանց այս ժամանակների համար:
Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ունեն մեր շնորհավորանքների կարիքը: Շնորհավորում ենք նաև նրանց, ովքեր չունեն մեր շնորհավորանքների կարիքը:
Սիրենք միմյանց և ապավինենք Աստծուն: Շնորհավոր Ամանոր:








































